Բանակային խաղերում ՀՀ ՊՊԾ թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում oգոստոսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող Բանակային խաղերի փակման և պարգևների հանձման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՀՀ պետական պահպանության ծառայության մամուլի ծառայությունը, մրցումների ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության թիմը գրանցել է բարձր արդյունք՝ երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնելով երկրորդ տեղը։  

Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի ներկայացուցիչներին պարգևները հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողության ընթացքում ՀՀ ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը պարգևներ է հանձնել ռազմամարզական կողմնորոշման մրցաձևում կանանց և տղամարդկանց պայքարում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներին։

Օգոստոսի 2-8-ը Դիլիջանում անցկացված խաղերին մասնակցել է ուժային և իրավապահ կառույցների 18 թիմ՝ ավելի քան 280 մարզիկով։ Մրցումների ծրագրում ընդգրկված են եղել ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում մարզաձևերը և հրաձգության երեք մրցատեսակներ՝ «ԱԿ-103» ինքնաձիգով, «ՊՄ» ատրճանակով ու Դրագունովի դիպուկահար հրացանով։

Հայերեն