Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4335-ի
2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4335-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Մարտի 2-ից մինչև օգոստոսի 9-ն իսրայելական ագրեսիայի հետևանքով կա 4335 զոհ և 12277 վիրավոր»,- նշվել է նախարարության հաղորդագրության մեջ։
Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերն օգոստոսի 10-ի առավոտյան կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի բնակավայրերի ուղղությամբ։
Նշվում է, որ իսրայելական ուժերը գիշերը նաև գնդակոծել են երկրի հարավում գտնվող ալ-Մանսուրի բնակավայրը: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն զորքերը Լիբանանի հարավում իրենց զբաղեցրած վայրերից, ինչից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։