2 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») արտադրական գործունեությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
- արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
- առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացում և առաստաղից մասնիկների թափվելու վտանգը,
- դռները եղել են ոչ հարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
- սանհանգույցի դուռը բացվել է արտադրամասի մեջ և գտնվել է ոչ բարվոք վիճակում, - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահ վել նորոգ ու բարվոք վիճակում,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: