Իսրայելը հայտարարել է Գազայի վերաբերյալ Թրամփի աջակցությունը վայելող փաստաթուղթը մերժելու մասին
3 րոպեի ընթերցում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե մերժել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը և չի պատրաստվում դուրս բերել իսրայելական ուժերը, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը լիովին չի զինաթափվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Իսրայելը մերժում է 15 կետից բաղկացած փաստաթուղթը»,- օգոստոսի 9-ին կառավարության նիստում հայտարարել է Նեթանյահուն՝ նկատի ունենալով անցյալ ամիս ՀԱՄԱՍ-ի կողմից հավանության արժանացած ծրագիրը։
Նրա խոսքով՝ իսրայելական բանակը «որևէ դուրսբերում չի իրականացնի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը իրականում չի զինաթափվել» և կշարունակի կանխել իսրայելական ուժերի ու քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները։ Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը «այս հարցի շուրջ բանակցում է ամերիկացիների հետ»։
«Նրանք ունեն գաղափարներ, որոնցից մի քանիսն ընդունելի են մեզ համար, իսկ մյուսները՝ ոչ։ Եվ մենք գիտենք, թե ինչպես հաստատակամորեն պաշտպանել մեր դիրքորոշումն այս հարցերում»,- ասել է Նեթանյահուն։
Սպիտակ տունը դեռևս չի արձագանքել նրա հայտարարություններին։
Այս հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ը Telegram-ում հրապարակված հայտարարությամբ նշել է, որ շարունակում է հավատարիմ մնալ ծրագրի լիարժեք իրականացմանը։ Պաղեստինյան զինված խմբավորումը միջնորդներին և երաշխավոր երկրներին կոչ է արել «ստանձնել իրենց պարտականությունները» և կանխել ցանկացած «խախտում կամ խախտման փորձ», որը կարող է տապալել գործընթացը։
Թրամփը հուլիսի 30-ին հայտարարել էր «պատմական» համաձայնության մասին, որը նախատեսում է «Գազայում ՀԱՄԱՍ-ի և մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափում»։ Նա այն անվանել էր «կարևորագույն քայլ դեպի երկարատև խաղաղություն և անվտանգություն»։ Համաձայնագրի ձեռքբերումը վերագրվել է ԱՄՆ-ի գլխավորած «Խաղաղության խորհրդին», որը ստեղծվել է 2026 թվականի փետրվարին և ներառում է շուրջ 40 երկիր՝ այդ թվում Իսրայելն ու մի շարք արաբական պետություններ։ Խորհրդում, սակայն, պաղեստինյան ներկայացուցիչներ չկան։ Թրամփը նշանակված է խորհրդի ցմահ նախագահ։
Օգոստոսի 9-ի կառավարության նիստում Նեթանյահուն հայտարարել է նաև, որ «քանի դեռ ես վարչապետ եմ, պաղեստինյան պետություն չի ստեղծվի»՝ ընդգծելով, որ Իսրայելը չի պատրաստվում հետևել առաջարկված ծրագրին։
15 կետից բաղկացած ծրագիրը սկզբնական փուլում նախատեսում է կենտրոնանալ ՀԱՄԱՍ-ի ծանր զինատեսակների, ռազմական արտադրության օբյեկտների, զենքի պահեստների և խմբավորման լայնածավալ ստորգետնյա թունելային ցանցի վրա։