Աշխարհ

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

2 րոպեի ընթերցում

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

Բրազիլի կառավարությունը հայտարարել է, որ կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ այդ երկրի նախագահ Խավիեր Միլեյի կողմից Բրազիլի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հասցեին հնչեցված վիրավորանքներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Բրազիլի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Միլեյն օգոստոսի 2-ից ի վեր երեք անգամ Լուլա դա Սիլվային անվանել է «գող»։ Նա նմանատիպ արտահայտություններ է օգտագործել հուլիսի 25-ին սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ նախկին նախագահի որդու կուսակցական համագումարում, որը Լուլա դա Սիլվայի մրցակիցն է լինելու հոկտեմբերին կայանալիք ընտրություններում։

Միլեյը համագումարի ժամանակ նաև վիրավորական խոսքեր է հնչեցրել Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի հասցեին։ Դե Մորաեսը մերժել է Արգենտինայի նախագահի խնդրանքն՝ այցելելու նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը տնային կալանքի տակ է և կրում է 27 տարվա ազատազրկում պետական ​​հեղաշրջման փորձի համար։

Բրազիլի կառավարությունը հուլիսին հետ էր կանչել Բուենոս Այրեսում իր դեսպանին, Միլեյի՝ Լուլա դա Սիլվայի դեմ արված առաջին մեկնաբանություններից մեկ օր անց։ Այդ ժամանակվանից ի վեր Բրազիլի շահերն Արգենտինայում ներկայացնում է գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Խոսնակը նշել է, որ դեսպանը չի վերադառնա Արգենտինա, քանի դեռ Միլեյը շարունակում է ագրեսիվ մեկնաբանություններ անել Բրազիլի նախագահի դեմ։

Լուլա դա Սիլվան չի մեկնաբանել Միլեյի խոսքերը։ Նրանց հարաբերությունները սառն են եղել 2023 թ. դեկտեմբերից ի վեր, երբ Միլեյը ստանձնեց Արգենտինայի նախագահի պաշտոնը։

AP-ն հիշեցնում է, որ Միլեյը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մտերիմ դաշնակիցն է, իսկ ԱՄՆ վարչակազմը հակասություններ ունի Լուլա դա Սիլվայի հետ։

Լուլա դա Սիլվան օգոստոսի 2-ին իր Աշխատավորական կուսակցության համագումարում պաշտոնապես հայտարարվել է թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում