Կատարը կոչ է արել Հորմուզի նեղուցում վերականգնել բնականոն իրավիճակը
2 րոպեի ընթերցում

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին հայտարարել է, որ շարունակվում են ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ միջնորդները, այդ թվում՝ Կատարը, Պակիստանը և Օմանը, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները՝ նպաստելու բանակցություններին և կողմերի միջև փաստաթղթերի նախագծերի փոխանակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ալ-Անսարին նաև նշել է, որ Կատարը հստակ դիրքորոշում ունի Հորմուզի նեղուցի վերաբերյալ։
«Կատարի պետության դիրքորոշումը հստակ է. մենք ցանկանում ենք, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը վերադառնա բնականոն հուն», - ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքով՝ այս պահին դեռևս հստակ ժամկետ չկա, թե երբ կարող է համաձայնություն ձեռք բերվել, սակայն Կատարի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ դա հնարավոր կլինի իրականացնել «հնարավորինս շուտ»։
Ալ-Անսարին նաև բարձր է գնահատել Պակիստանի և Օմանի միջնորդական ջանքերը՝ ընդգծելով, որ Օմանը «վերջին մի քանի շաբաթների ընթացքում չափազանց կարևոր և նշանակալի դեր է կատարել»։
Գազայի վերաբերյալ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ միջնորդները շարունակում են իրենց ջանքերը՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն արագացնելու համար։