Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը
3 րոպեի ընթերցում
Մոսկվայի հայկական թանգարանի նախաձեռնությամբ թանգարանի ցուցասրահում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Մոսկվայի Հայկական նրբանցքի պատմությանը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դասախոսությամբ հանդես է եկել պատմաբան, մոսկվայագետ Մարիա Կալիշը, ով ներկայացրել է մայրաքաղաքի Հայկական նրբանցքի ձևավորման և զարգացման պատմությունը՝ անդրադառնալով Մոսկվայի հայկական համայնքի բազմադարյա ներկայությանը, նշանավոր հայկական ընտանիքների գործունեությանը և քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանությանը։
Դասախոսության ընթացքում մասնակիցները տեղեկացան, թե ինչու հենց այս թաղամասը դարձավ Մոսկվայի հայկական համայնքի կենտրոնը, ինչ դեր ունեցավ Լազարյանների ընտանիքը նրա զարգացման գործում, ինչ նշանակություն ուներ Կասպարովյան բարեգործական ապաստարանը, ինչպես նաև, թե մինչև 1812 թվականի Մոսկվայի հրդեհը գոյություն ունեցած պատմական շերտերից որոնք են պահպանվել Հայկական նրբանցքում։
Մարիա Կալիշը նշեց, որ Հայկական նրբանցքը մայրաքաղաքի այն եզակի հատվածներից է, որտեղ Մոսկվան մեծապես պահպանել է իր պատմական դիմագիծը՝ սկսած 19-րդ դարից։ Նրա խոսքով՝ սա հին Մոսկվայի այն «գործված» վայրերից է, որտեղ խճճված փողոցային կառուցվածքը, պատմական խտությունն ու նեղլիկությունը ներդաշնակորեն համադրվում են արևելյան մշակութային ազդեցությունների հետ։
Բանախոսը նաև ընդգծեց, որ քաղաքի պատմության երկու կարևոր իրադարձությունները՝ 1812 թվականի Մոսկվայի հրդեհը և 1935 թվականի ստալինյան վերակառուցումը, չնայած զգալի ազդեցություն են ունեցել քաղաքի տեսքի վրա, այնուամենայնիվ չեն փոխել Հայկական նրբանցքի հիմնական պատմական դիմագիծը։
Առանձին անդրադարձ կատարվեց նաև նրբանցքի անվան պատմությանը։ Այն կապվում է պարսկահայ վաճառականներ Լազարյանների ընտանիքի՝ Մոսկվայում հաստատվելու, նրբանցքի տարածքում հանրահայտ դարձած Լազարյան ճեմարանը հիմնադրելու հետ, որտեղ ներկայումս իր գործունեությունն է ծավալում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
Մինչդեռ ավելի վաղ այն հայտնի էր Ստոլպովսկի նրբանցք անվամբ։
Դասախոսության կարևոր թեմաներից էր նաև Մոսկվայի առաջին հայկական եկեղեցու՝ Սուրբ Խաչի պատմությունը։ Եկեղեցին հիմնադրվել է 1779 թվականին, Լազար Նազարի Լազարյանի ձեռք բերած հողատարածքում։ Շինարարությունը ֆինանսավորել են նրա դուստրը՝ իշխանուհի Աննա Լազարևնա Սումբատովան, և որդին՝ Իվան Լազարյանը, իսկ նախագիծը մշակել է անվանի ճարտարապետ Յուրի Ֆելտենը։
Կլասիցիզմի ոճով կառուցված եկեղեցին 1930-ական թվականներին քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից, իսկ դրա տեղում հետագայում կառուցվել է դպրոց։
Դասախոսությունն ավարտվել է ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսին և քննարկել Մոսկվայի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմանը և պահպանմանն առնչվող հարցեր։
Միջոցառմանը մասնակցում էին Մոսկվայի տարբեր բուհերի ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև մայրաքաղաքի պատմությամբ և հայկական մշակութային ժառանգությամբ հետաքրքրվող այցելուներ։