«Մուդիս»-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայունից» վերանայել է «դրականի»

3 րոպեի ընթերցում

«Մուդիս» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայունից» վերանայել է «դրականի»՝ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատելով «Ba3» մակարդակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 30-ի կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով գործակալության՝ հուլիսի 28-ին հրապարակած որոշումը։

Վարչապետի խոսքով՝ «Մուդիս»-ը վարկանիշի հեռանկարի բարելավումը պայմանավորել է աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազմամբ։

«Դա պայմանավորված է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ»,- գործակալության գնահատականից ընթերցեց Փաշինյանը։

«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշային հեռանկարի բարելավման գործոնների թվում նշել է նաև միջնաժամկետ տնտեսական աճի ավելի բարենպաստ սպասումները։ Գործակալությունը 2026-2027 թվականներին ակնկալում է 5-5.5 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։

Գործակալության գնահատմամբ՝ ուժեղանում է նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքային ներուժը՝ հատկապես տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտներում ներդրումների աճի, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացման և արտադրողականության բարձրացման հեռանկարների շնորհիվ։

Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց նաև Վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական ակտիվության վերջին ցուցանիշները։ 2026 թվականի հունիսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7.7 տոկոսով, իսկ հունվար-հունիսին՝ 7.9 տոկոսով։

Հունվար-հունիսին արդյունաբերության աճը կազմել է 10.8 տոկոս, շինարարությանը՝ 24 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտինը՝ 11 տոկոս։

«Մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը և ծառայությունները, նաև արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է»,- ասաց վարչապետը։

Հայերեն العربية Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել