«Մուդիս»-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայունից» վերանայել է «դրականի»
3 րոպեի ընթերցում

«Մուդիս» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայունից» վերանայել է «դրականի»՝ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատելով «Ba3» մակարդակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 30-ի կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով գործակալության՝ հուլիսի 28-ին հրապարակած որոշումը։
Վարչապետի խոսքով՝ «Մուդիս»-ը վարկանիշի հեռանկարի բարելավումը պայմանավորել է աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազմամբ։
«Դա պայմանավորված է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ»,- գործակալության գնահատականից ընթերցեց Փաշինյանը։
«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշային հեռանկարի բարելավման գործոնների թվում նշել է նաև միջնաժամկետ տնտեսական աճի ավելի բարենպաստ սպասումները։ Գործակալությունը 2026-2027 թվականներին ակնկալում է 5-5.5 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։
Գործակալության գնահատմամբ՝ ուժեղանում է նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքային ներուժը՝ հատկապես տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտներում ներդրումների աճի, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացման և արտադրողականության բարձրացման հեռանկարների շնորհիվ։
Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց նաև Վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական ակտիվության վերջին ցուցանիշները։ 2026 թվականի հունիսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7.7 տոկոսով, իսկ հունվար-հունիսին՝ 7.9 տոկոսով։
Հունվար-հունիսին արդյունաբերության աճը կազմել է 10.8 տոկոս, շինարարությանը՝ 24 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտինը՝ 11 տոկոս։
«Մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը և ծառայությունները, նաև արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է»,- ասաց վարչապետը։