Շոգը և անձրևների բացակայությունը հնարավորություն չեն տալիս մարել անտառային հրդեհները Կանադայի արևմուտքում
1 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները խոչընդոտում են անտառային հրդեհների մարման ջանքերին Կանադայի Բրիտանական Կոլումբիայի արևմտյան նահանգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Տարածաշրջանում հաստատված չոր և շոգ եղանակը, որն ուղեկցվում է ուժեղ քամիներով, նպաստում է կրակի արագ տարածմանը։ Այսպես այս պահին խոշորագույն հրդեհի մակերեսը Թոմփսոն Նիկոլի շրջանում մի քանի օրվա ընթացքում 66 հազար հեկտարից աճել է մինչև 67 հազար հեկտար։ Այդ հրդեհի դեմ պայքարի համար ներգրավված են մոտ 160 հրշեջ, ավելի քան 70 միավոր հատուկ տեխնիկա և 19 ուղղաթիռ։
Ընդամենը Բրիտանական Կոլումբիայում ներկայումս մոլեգնում է 145 անտառային հրդեհ, որոնց մարմանը ներգրավված են մոտ հազար փրկարարներ, հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, ներառյալ 162 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ավելի քան հազար մարդ է լքել տունը, այրվել են առնվազն 20 բնակելի շենք և այլ կառույցներ։ Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել: