Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն
2 րոպեի ընթերցում

Աբու Դաբիի դատական վարչությունը (ADJD) քննարկումներ է անցկացնում «Արհեստական բանականության դատական հարթակ» նախագծի իրականացման ուղղությամբ, որն իր տեսակի մեջ առաջին ինտեգրված համակարգն է աշխարհում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM գործակալությունը։
Հարթակը նախատեսված է Արհեստական բանականության միջոցով մարդու լիակատար հսկողության և վավերացման ներքո դատական և իրավական որոշումների կայացմանն աջակցելու համար՝ բարձրացնելով ընթացակարգային արդյունավետությունը և միաժամանակ ապահովելով դատական աշխատանքի ճշգրտությունն ու հետևողականությունը։
Առաջին փուլը նախատեսվում է սկսել սեպտեմբերին՝ հիմք դնելով 18 ամսվա փուլային գործընթացի համար։
Աբու Դաբիի դատական վարչության փոխնախարար Յուսեֆ Սայիդ ալ-Աբրին նշել է, որ այս նորարարական դատական համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլն արտացոլում է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ նորարարությունը խթանելու և պետական ծառայությունները բարելավելու համար ապագայի տեխնոլոգիաներ ներդնելու տեսլականը։
Արհեստական բանականության տեխնոլոգիաները դատավարության տարբեր փուլերում օգտագործելով՝ հարթակը կնպաստի գործերի ավելի արագ ավարտին, կբարելավի դատական գործընթացների ճշգրտությունն ու որակը, ինչպես նաև կշարունակի առաջ մղել թվային փոխակերպումն՝ արդյունավետության և հուսալիության բարձրագույն չափանիշներին համապատասխան։