Բիզնեսը՝ քաղաքականությանը համահունչ․ հայտնի են հայ և թուրք գործարարների նոր հանդիպման վայրն ու ժամկետները
7 րոպեի ընթերցում
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման քաղաքական բանակցություններին զուգահեռ ակտիվ երկխոսություն են սկսել նաև երկու երկրների գործարար շրջանակները։
Թեև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը միակողմանիորեն փակվել է 1993 թվականին հենց Թուրքիայի կողմից, դեռ շարունակում է փակ մնալ, այնուամենայնիվ, գործարարները, հաշվի առնելով նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց իրագործման շուրջ շարունակվող բանակցությունները՝ փորձում են համագործակցության եզրեր գտնել։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության կառավարությունների աջակցությամբ հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Հանդիպման վերաբերյալ կողմերի հրապարակած տեղեկությունները սուղ էին, միայն նշվում էր, որ դրան մասնակցել էին սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտների գործարարներ, որոնք ընդգծել էին Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները ողջունել էին Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերի ավարտը, որը հնարավորություն է տալիս երկու երկրների միջև երրորդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնակետ կամ ծագման երկիր նշել «Հայաստան/Թուրքիա» և հակառակը։ Բացի այդ, նրանք ընդգծել էին հայկական ապրանքներին Ախալքալաք (Վրաստան)-Կարս (Թուրքիա) երկաթուղուն հասանելիության տրամադրման կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ և տարածաշրջանային առևտրի համար։
Սակայն որևէ տեղեկություն չկար այն մասին, թե հանդիպման արդյունքներով ինչ կոնկրետ պայմանավորվածություններ էին կողմերը ձեռք բերել և արդյոք հանդիպումները լինելու են շարունակական։
Հենց այս հարցերի պատասխանները փորձեցին ստանալ փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանից Թուրքիա այցելած լրագրողները, որոնց խմբում էր նաև «Արմենպրես»-ի թղթակիցը։
Ծրագրի մասնակից լրագրողներին ընդունեց Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանը, որը մասնակցել է հունիսի 2-ին Կարսում կայացած հանդիպմանը։
Բոզանը տեղեկացրեց, որ հանդիպմանը Հայաստանից 57 գործարար է մասնակցել, որոնք գործունեություն են ծավալում տեքստիլի, շինարարության, սննդի, ըմպելիքների և ծաղկաբուծության ոլորտներում:
«Մենք շատ լավ շփում ունեցանք: Մեր ընկերություններից շատերը դեռ բանակցությունների մեջ են»,- ասաց նա։
Քադիր Բոզանի տեղեկություններով՝ Կարսում կայացած հանդիպումից հետո մի շարք ուղղություններով կողմերի միջև կան բանակցություններ, որոնց վերաբերյալ առաջիկայում կարող են նորություններ լինել։
Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերին նախատեսված է Հայաստան-Թուրքիա գործարար ֆորումի երկրորդ հանդիպումը, որն այս անգամ կանցկացվի Երևանում։ Բոզանի կարծիքով՝ երևանյան ֆորումը կարող է տնտեսական մեծ ազդեցություն ունենալ ոչ միայն Կարսի, այլ նաև Իգդիրի, Արդահանի, հնարավոր է՝ նաև Վանի համար:
Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահը հավելեց՝ ինքն այդ հանդիպմանը մասնակցելու համար երկու նախապայման է դրել, որոնց մասին տեղեկացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարություններին։
Առաջին նախապայմանն այն է, որ Կարսից հանդիպմանը մասնակցել ցանկացող գործարարների թվի սահմանափակում չպետք է լինի։ Իսկ երկրորդն այն է, որ Կարսի գործարար պատվիրակությունը պետք է սահմանն անցնի Աքյաքայի և Ախուրիկի անցակետերով՝ որպես սիմվոլիկ ուղերձ։
Հիշեցնենք, որ նախորդիվ Հայաստան-Թուրքիա սահմանը հումանիտար նպատակներով մի քանի անգամ կարճ ժամանակով բացվել է, բայց դա տեղի է ունեցել «Մարգարա» և «Ալիջան» անցակետերով։
Քադիր Բոզանն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կարսի մարզի իշխանությունները Թուրքիայի կենտրոնական իշխանությունների հետ շփումներում բարձրացնում են սահմանի բացման հարցը և արդյոք այդ հարցում նրանց դիրքորոշումներում վերջին շրջանում փոփոխություններ նկատում են։
Նա նշեց, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում Հայաստանի հետ արևելյան սահմանի ուղղությամբ՝ հատկապես երկաթուղու և ցամաքային ճանապարհի մասով:
«Առաջին հերթին կբացվի երկաթուղին (խմբ․- նկատի ունի Գյումրի-Կարս երկաթուղին): Տեղեկություններ կան, որ հաջորդիվ արևելյան սահմանը կբացվի նաև ավտոմոբիլային ճանապարհով: Իհարկե, սրանք պաշտոնական տվյալներ չեն, այլ տեղեկություններ, որոնց մասին մենք լսել ենք իշխանություններից, բայց հույս ունեմ, որ կարճ ժամանակում արդյունքի կհասնենք: Եվ կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի մեր տարածաշրջանի համար»,- նշեց նա:
Բոզանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանն արտահանում կամ ներմուծում իրականացնում է Ախալքալաք-Կարս երկաթուղային ճանապարհով։ Նա միայն նշեց, որ երկաթուղային այդ գծով վերջին շրջանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 400 տոկոսով։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի և Թուրքիայի գործընկերներին։