Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին

3 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լավ բանակցություններ» է վարում Թեհրանի հետ, և հակամարտության շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ ամերիկյան հարվածները կարող են վերսկսվել, եթե բանակցություններն արդյունք չտան։

«Մենք լավ բանակցություններ ենք անցկացնում։ Կարծում եմ՝ լավ հնարավորություն կա, որ ինչ-որ բան կարող է ստացվել։ Եթե ստացվի, լավ, եթե ոչ, մենք կրկին կանենք այն, ինչ անում էինք երկու օր առաջ», - ասել է ԱՄՆ նախագահը Միչիգանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Թրամփը հավելել է, որ Իրանին «հնարավոր չէ կաշառել,, այլ հարկավոր է հաղթել»։

«Մենք նրանց կջախջախենք։ Բայց տեսնենք, թե ինչ է ստացվում։ Այս պահին շատ ընկերական բանակցություններ են ընթանում», - նշել է նա։

Հուլիսի 27-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ երկիրն ԱՄՆ-ից բանակցություններ չի խնդրել, և այդ մասին լուրերը կեղծ են: Այդուհանդերձ, ըստ դիվանագետի, կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է միջնորդ երկրների միջոցով:

Գրեթե երկու շաբաթ անընդմեջ հարվածներից հետո ԱՄՆ-ն երեք օր է՝ դադարեցրել է հարվածներն Իրանի ուղղությամբ: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադար վերցնել՝ դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։ Իրանից էլ հայտարարել էին, որ տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարվածները կդադարեցվեն, քանի դեռ նույնն անում է Միացյալ Նահանգները։

Այնուամենայնիվ, հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Իրաքը հայտնել են անօդաչուների հարվածների մասին։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ խոցել է նավթային օբյեկտներին ուղղված ԱԹՍ-ներ՝ մի քանիսը երկրի արևելքում, մյուսները՝ մայրաքաղաք Էր Ռիադում: Ըստ թագավորության՝ դրանք արձակվել են Իրաքից՝ Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից: Հութիներն էլ հայտնել են, որ թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Յանբուի նավահանգիստ նավթ տեղափոխող լոգիստիկ կետերն՝ ի պատասխան Եմենի օդային տարածք ԱԹՍ-ների ներխուժման:

Իր հերթին, Հորդանանը հայտնել է երկու անօդաչու խոցելու մասին, իսկ Իրաքի անվտանգության ուժերը նշել են երկրի հյուսիսում իրանական ընդդիմադիր քրդական ուժերի ճամբարների վրա ԱԹՍ-ների հարձակումների մասին: Թե որտեղից են արձակվել անօդաչուները, չի հաղորդվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում