Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
4 րոպեի ընթերցում

Միջազգային քննադատները ջազ դաշնակահար Վարդան Օվսեփյանի և երգչուհի Տատիանա Պառռայի համագործակցությունը համարում են ժամանակակից կամերային ջազի բացարձակ կատարելություն։
Երաժիշտները, որոնք «Ֆրակտալ սահման» (Fractal Limit) նախագծի շնորհիվ միջազգային ճանաչում են ձեռք բերել, աննախադեպ համերգով հանդես կգան Երևանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հուլիսի 29-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։
Վարդան Օվսեփյանը խոստովանում է՝ Պառռայի հետ դուետն իր ամենակարևոր նախագիծն է, որը մեկնարկել են 2013 թվականին։
«Երաժշտությամբ զբաղվելու ամենագրավիչ կողմերից մեկն այն է, որ կարող ես համագործակցել մոլորակի տարբեր ծայրերում ապրող երաժիշտների հետ։ Արվեստի այլ ճյուղերի պարագայում այդպես չէ. նկարիչները կամ բանաստեղծները հիմնականում միայնակ են գործում։ Հազվադեպ է հնարավոր հանդիպել նկարիչների, որոնք հանդես են գալիս համատեղ ցուցահանդեսով, կամ գրողների, որոնք համատեղ գիրք են հրատարակում, իսկ երաժիշտներիս մոտ համագործակցությունը միշտ ընթացքի մեջ է»,-նշում է Օվսեփյանը։
Նրա խոսքով՝ օտարազգիների հետ աշխատանքը նոր գաղափարների առիթ է ստեղծում, երաժշտության նոր շերտեր է բացահայտում։ «Նոր մշակույթի հետ առնչվելը, այն առավել խորն ուսումնասիրելը և միստիկ միաձուլումը, որն արդեն ջազի բնույթն է, չափազանց հետաքրքիր են և հնարավորություն են տալիս տեսնել, թե ինչպես են տարբեր ազգերի ֆոլկլյոր երաժշտության տարրերը միանում և նոր բանաձև ստեղծում»,-ընդգծում է դաշնակահարը։
Սպասվող համերգին Օվսեփյանն ու Պառռան կատարելու են իրենց վերջին՝ «Թաքնված սրտի թռիչքը» (The Flight of the Hidden Heart) ձայնասկավառակում ներառված ստեղծագործությունները։ Այն թողարկվել է երկու ամիս առաջ։
«Սկավառակը հիմնված է դեկոնստրուկտիվիզմ փիլիսոփայական ճյուղի վրա։ Կներկայացնենք փիլիսոփա Ժակ Դերիդայի ամբողջ գաղափարախոսությունը, որն արտացոլել ենք երաժշտության մեջ»,-նշում է Վարդան Օվսեփյանն ու հավելում՝ թե՛ ինքը, թե՛ Տատիանա Պառռան անհամբեր սպասում են Հայաստան գալուն։
Ամերիկաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Վարդան Օվսեփյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտության ակադեմիայում, Հելսինկիի ջազի կոնսերվատորիայում և Բերկլիի երաժշտության քոլեջում։ Նա ասես ստեղծել է երաժշտական տիեզերք, որտեղ միահյուսվում են ջազը, արևմտյան դասական երաժշտությունն ու հնչյունային երկրաչափությունը։
Երգչուհի, կոմպոզիտոր Տատիանա Պառռան ժամանակակից բրազիլական երաժշտության ամենաինքնատիպ ձայներից է, որի արվեստն աչքի է ընկնում բազմակողմանիությամբ։
Օվսեփյանն ու Պառռան ստեղծում են երաժշտություն, որում կան խորություն և գրավիչ քնարականություն։
LA Weekly-ին նրանց համագործակցության մասին գրել է՝ քիչ դաշնակահարների է հաջողվում Պառռայի պես բարդ մեղեդիներ երգել, սակայն, ի դեմս Օվսեփյանի, նա գտել է իրեն արժանի գործընկերոջ, երաժշտի, որի փայլուն վարպետությունը լրացնում է երգչուհու կատարումները։