2 րոպեի ընթերցում
Եվրոպական մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, ավելի քան 250 000 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 220 000-ը՝ Ժիրոնդի դեպարտամենտից: Պարբերականը նշում է, որ սա երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային տարհանումն է: Փակվել են ճանապարհներ, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը: Կրակն արդեն հասնում է խաղողի այգիներով և գինիներով հայտնի Բորդոյի շրջանին:
Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ այս տարի հրդեհները շուրջ 115 000 հեկտար տարածք են այրել: Նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 27-ին կառավարության հատուկ նիստ է հրավիրել հրդեհների կապակցությամբ:
Ըստ BFMTV հեռուստաալիքի՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ գրեթե 90 փրկարար է տուժել:
Իսպանիայում անտառային հրդեհներն այրել են ավելի քան 150 000 հեկտար տարածք: Այս հրդեհները համարվում են ամենախոշորը երկրի վերջին շրջանի պատմության ընթացքում: Մոտ 100 000 մարդ տարհանվել է, այդ թվում՝ 30 000-ը՝ Մադրիդի տարածաշրջանից:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կայցելի Վալենսիայում կրակից տուժած շրջաններ, որտեղ հրշեջները պայքարում են նոր անտառային հրդեհի դեմ:
Իտալիայի հարավ-արևելքում ևս հրդեհներ են մոլեգնում: Ծովափնյա որոշ շրջաններից նավերով հարյուրավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ են տարհանվել, քանի որ կրակի պատճառով ցամաքային ճանապարհները փակվել են:
Առաջիկա օրերին իրավիճակի բարելավում, ամենայն հավանականությամբ, չի լինի, քանի որ ջերմաստիճանը բարձրանում է, իսկ անձրևներ չեն սպասվում: