Իրան

Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային

2 րոպեի ընթերցում

Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային

Ցանկացած երկիր, որը կմասնակցի Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային կամ կաջակցի Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելուն, կդառնա օրինական թիրախ Իրանի զինված ուժերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

«Իրանը կրկին հաստատում է իր հաստատուն վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ օգնություն կհանգեցնի միջազգային պատասխանատվության համապատասխան կողմերի համար», - մեջբերել է Արաղչիի խոսքն Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքը։

Նախարարի խոսքով՝Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցող ցանկացած կողմի կհամարի օրինական թիրախ զինված ուժերի համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը ՇՀԿ երկրներին կոչ է արել համախմբվել և համագործակցել և թույլ չտալ, որ «ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի օրենքին, իսկ երկակի ստանդարտները փոխարինեն արդարությանը»։

«Անվտանգ, կայուն և արդար ապագայի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ մենք բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության հարգումը», - հավելել է նա։

Միացյալ Նահանգները և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր  մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսին հուշագիրը խախտվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ հարվածները՝ Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորման պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում