2 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի իշխանություններն անտառային հրդեհների պատճառով հրահանգել են տարհանել մարդկանց երկրի հարավ-արևմտյան ափին գտնվող Ժիրոնդի դեպարտամենտի Լեժ-Կապ Ֆերե համայնքի (Կապ Ֆերե թերակղզի) ամբողջ տարածքից։ Հարյուրավոր մարդիկ նավակներով լքում են թերակղզին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Միևնույն ժամանակ, հրշեջները շարունակում են պայքարել Ժիրոնդի դեպարտամենտում մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների դեմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 23-ի երեկոյան հայտարարել է, որ երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը «շատ լարված» է, հատկապես՝ Ժիրոնդի շրջանում։
Մակրոնը նշել է, որ օգնություն է խնդրել Եվրամիությունից, և որ աջակցությունն ինքնաթիռների տեսքով շուտով կհասնի Խորվաթիայից, Պորտուգալիայից, Չեխիայից և Սլովակիայից։
Ժիրոնդի նահանգապետ Սոֆի Բրոկասը հուլիսի 24-ի առավոտյան հրահանգել է իրականացնել թերակղզուց մարդկանց տարհանման «վերջնական փուլը»։
Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 23-ի Ժիրոնդի շրջանում տարհանվել է մոտ 20 000 մարդ։
Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Ֆրանսիայի Լանդ շրջանի Բիսկարոս քաղաքի շրջակայքում հուլիսի 23-ի կեսօրին բռնկված մեկ այլ խոշոր հրդեհ հանգեցրել է ավելի քան 23 000 մարդու տարհանման։
Հուլիսի 21-ին Սաումոսում սկսված հրդեհը շարունակվել է գիշերը՝ այրելով 8700 հեկտար տարածք։
Տեղեկություններ են հաղորդվել Բորդոյի օդանավակայանի մոտ բռնկված հրդեհը մարելիս երկու հրշեջի զոհվելու մասին։
Միևնույն ժամանակ, Իսպանիայի կառավարությունն ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել, քանի որ մայրաքաղաք Մադրիդի մոտակայքում գտնվող մի քանի շրջանում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից։