Եվրոպա

Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

2 րոպեի ընթերցում

Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Իսպանիայի կառավարությունը հուլիսի 23-ի երեկոյան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի մոտակա համայնքներին և հարևան Ավիլայի նահանգին սպառնացող մի շարք անտառային հրդեհներից պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հրդեհների պատճառով ավելի քան 10 000 մարդ է տարհանվել։

Ըստ Իսպանիայի ներքին գործերի նախարարության՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը կայացվել է մի քանի հրդեհի միաժամանակյա բռնկման, անբարենպաստ եղանակային պայմանների և տարբեր պետական ​​​​մարմիններից մեծ ռեսուրսներ մոբիլիզացնելու անհրաժեշտության պատճառով։

Իսպանիան և հարավային Եվրոպայի մեծ մասը բախվում են ավելի ու ավելի ծանր անտառային հրդեհների, որոնք գիտնականները կապում են կլիմայի փոփոխության հետ: Մասնագետները նշում են, որ արտասովոր առատ գարնանային անձրևներից հետո առատ բուսականությունը չորացել է ամառային ծայրահեղ շոգի պատճառով՝ դառնալով «վառելիք» արագ տարածվող հրդեհների համար:

Մադրիդի տարածաշրջանային կառավարությունը օգնություն է խնդրել՝ իրավիճակը բնութագրելով որպես «ծայրահեղ ծանր»: Իշխանությունները նշել են, որ Մադրիդի մարզի Վիլլա դել Պրադոյում և Սան Մարտին դե Վալդեյգլեսիասում, հարևան Ալմորոքսում և Կաստիլիա-Լա Մանչայում մոլեգնող հրդեհները կարող են ավելի մեծ մասշտաբների հասնել, քան դրանք մարելու կարողությունները։ Մադրիդի տարածաշրջանային կառավարությունը նաև նախազգուշացրել է, որ Ավիլայի Բուրգոոնդո մունիցիպալիտետում բռնկված անտառային հրդեհը կարող է հասնել Մադրիդի տարածաշրջան առաջիկա ժամերին՝ եղանակային պայմանների պատճառով:

Այս տարի Իսպանիայում այրվել է ավելի քան 100 000 հեկտար տարածք։ Հրդեհների հետևանքով 13 մարդ է զոհվել, ինչը 2026 թվականը դարձնում է տասնամյակների ընթացքում անտառային հրդեհների ամենամահացու սեզոններից մեկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում