«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան
2 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն) նոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ներմուծման նկատմամբ՝ այս անգամ սահմանափակելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգել են հայկական կաթնամթերքի վերամշակման գործարանները, որոնք նախկինում բացվել էին անասնաբուժական ծառայության երաշխիքներով և իրենց արտադրանքը մատակարարում էին Ռուսաստան։ Կատարված աշխատանքները հաստատեցին նմանատիպ խախտումներ, որոնք արձանագրվել էին 2023-2024 թվականներին իրականացված ստուգումների ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ծառայության՝ «ընթացիկ հետաքննության շրջանակներում պարզվել է, որ վարակված անասունների կաթն օգտագործվում էր Ռուսաստան մատակարարվող արտադրանքն արտադրելու համար»։
«Մինչ օրս Հայաստանը չի ստեղծել համակարգ՝ արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումը և անվտանգությունը հաստատելու համար։ Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը Ռուսաստան»,-նշված է ծառայության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը վերջին շրջանում սահմանափակել կամ ընդհանրապես արգելել է հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը՝ այդ որոշումները պատճառաբանելով տարատեսակ խախտումների հայտնաբերմամբ։ Ռուսաստանի կողմից այդպիսի գործողությունները հատկապես ակտիվացել էին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և շարունակվում են մինչ օրս։
Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպական միության և այլ շուկաներ։
Եվրամիությունն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը տնտեսական ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին։