Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2 րոպեի ընթերցում

Լիբանանի բանակը հայտնել է, որ իր զինվորները սկսել են տեղակայվել հարավում գտնվող Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում այդ հատվածից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Բանակի հրամանատարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին չմտնել քաղաք մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը և հետևել տեղակայված ռազմական ստորաբաժանումների հրահանգներին՝ իրենց անվտանգության համար», - նշված է բանակի հայտարարության մեջ։
Իսրայելն այս առնչությամբ դեռևս մեկնաբանություն չի արել։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Զաուտար ալ-Ղարբիան այն երեք հարավային տարածքներից մեկն է, որտեղ փորձարկվելու է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի իրականացումը։
«Փորձնական գոտիների» մեջ մտնող մյուս տարածքներն են Ֆրուն և Սրիֆա գյուղերը:
Ըստ հեռուստաալիքի՝ տեղի որոշ բնակիչներ նշել են, որ իսրայելական զորքերը երբեք ներկա չեն եղել գյուղերում:
Ավելի վաղ Իսրայելի հրամանատարությունը հայտնել էր, որ ծրագիրը սկսել է իրականացվել, սակայն չի հաստատել հարավային Լիբանանից ստորաբաժանումների դուրսբերման սկիզբը:
Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, ըստ որի իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։