Իրան

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր

ԱՄՆ-ն և Իրանը ինտենսիվ հարվածներ են փոխանակում արդեն 10 օր շարունակ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում հայտարարել է, որ հերթական հարվածներն է հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ծովային հնարավորություններին, հրթիռների և անօդաչուների արձակման կայանքներին և հակաօդային պաշտպանության համակարգերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ըստ CENTCOM-ի՝ նաև շարունակվում է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցումը։

«Մայիսի սկզբից CENTCOM-ի ուժերն օժանդակել են մոտ 900 առևտրային նավերի և 450 միլիոն բարել հում նավթի տարանցմանը», - նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ CNN-ը, վկայակոչելով Պենտագոնին, հաղորդում է, որ հուլիսի 7-ին հակամարտության վերսկսումից ի վեր իրանական հարվածներից վիրավորվել է գրեթե 100 ամերիկացի զինծառայող։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին օրերին ամերիկացի 3 զինծառայող է զոհվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի համար Իրանին շատ ծանր հարվածներ կհասցվեն։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրն այժմ լայնածավալ պատերազմ է մղում ԱՄՆ-ի դեմ։

Ըստ IRNA գործակալության՝ ի պատասխան վերջին հարվածների՝ Իրանը հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, ռադարային կայանքների։ Բահրեյնում նաև թիրախավորվել է Amazon ընկերության ենթակառուցվածքներից մեկը։  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև Հորդանանում ռազմական օբյեկտի հարվածելու մասին։

Բացի այդ, հարվածներ են հասցվել Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավի. փրկարար խմբերն, ըստ լրատվամիջոցի, հեռացնում են նավերի անձնակազմերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում