Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջարկվում է 13-15 տարեկան դեռահասներին ներգրավել համայնքների մասնակցային բյուջետավորման գործընթացում՝ հնարավորություն տալով նրանց խմբերով մշակել և ներկայացնել համայնքային ծրագրեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը մշակել է Ֆինանսների նախարարությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։

Նախագծով առաջարկվում է սահմանել «երիտասարդական նախաձեռնող խումբ» հասկացությունը։ Այդպիսի խմբերը կկազմվեն համայնքի 13-15 տարեկան բնակիչներից՝ ԿԳՄՍ նախարարության հաստատած մեթոդաբանության համաձայն։

Դեռահասները կկարողանան բացահայտել իրենց համայնքի խնդիրները, մշակել առաջարկ-նախագծեր, ներկայացնել դրանք հանրային քննարկման և մասնակցել ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին։

Երիտասարդական խմբերի ներկայացրած նախագծերը համայնքի պաշտոնական կայքում կհրապարակվեն առանձին նշագրմամբ՝ մյուս առաջարկներից տարբերակելու համար։

Քվեարկության մասնակիցները սովորական առաջարկ-նախագծերից բացի կկարողանան ընտրել նաև երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացրած մեկ ծրագիր։ Դրանով նախատեսվում է մեծացնել դեռահասների նախաձեռնությունների ընտրվելու և իրականացվելու հնարավորությունը։

Գործող օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման գործընթացներին մասնակցելու իրավունք ունի համայնքի 16 տարին լրացած բնակիչը։ Այդ պատճառով 13-15 տարեկանները չեն կարող ինքնուրույն մասնակցել ծրագրերի վերջնական քվեարկությանը, սակայն նոր կարգավորմամբ կկարողանան ներգրավվել գաղափարների մշակման, ներկայացման և հանրային քննարկումների փուլերում։

Երիտասարդական խմբերի ձևավորման, գործունեության, ծրագրերի մշակման, կարողությունների զարգացման և մենթորական աջակցության մեթոդաբանությունը ԿԳՄՍ նախարարը պետք է հաստատի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։

Հիմնավորման համաձայն՝ մասնակցային բյուջետավորման նկատմամբ համայնքների հետաքրքրությունը տարեցտարի աճել է։ 2024 թվականին պետական բյուջեից նախատեսվել էր 500 միլիոն դրամ, և չորս համայնքում իրականացվել էր ութ ծրագիր։

2025 թվականին նախատեսվել էր 1 միլիարդ դրամի աջակցություն, որի շրջանակում 17 համայնքում իրականացվել էր 31 ծրագիր։ 2026 թվականին 51 համայնքում նախատեսվում է իրականացնել 105 ծրագիր՝ պետության կողմից տրամադրվող 2 միլիարդ դրամի շրջանակում։

2027 թվականի պետական բյուջեի նախագծով մասնակցային բյուջետավորմամբ ծրագրերի իրականացման համար նախատեսվում է համայնքներին տրամադրել ընդհանուր 3 միլիարդ դրամի սուբվենցիա։

Երիտասարդների առաջարկած ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի մասնակցային բյուջետավորման համար արդեն նախատեսված ընդհանուր միջոցներից, հետևաբար լրացուցիչ բյուջետային ծախսեր չեն առաջանա։

Նախատեսվում է, որ փոփոխությունները կկիրառվեն 2027 թվականի բյուջետային գործընթացից սկսած։

Հայերեն العربية

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար