Իրավունք

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ

2 րոպեի ընթերցում

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն օրինականացրել է Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, որ վերը նշված անձը Արտավազ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասն իրենը դարձնելու նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ անհատույց օտարելով 17 մլն 940 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Այնուհետև, ապօրինի գործարքում իր մասնակցությունը թաքցնելու համար, հիշյալ պաշտոնյան գույքի ձեռքբերումը իրականացրել է Արտավազ համայնքի երկու բնակիչների անվամբ և նույն համայնքի ղեկավարի օժանդակությամբ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնյան՝ որպես գույքի փաստացի տնօրինող, դրա հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գույքի սեփականատիրոջն ուղղորդել է հողամասը ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 1 մլն դրամով օտարել իր ազգականին և վարորդին:

Կադաստրի կոմիտեի՝ Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարին ու նրան օժանդակած 2 անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում