Հայաստան

Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ

6 րոպեի ընթերցում

Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ

Հայաստանում առաջարկվում է ընդունել «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով նախատեսվում է շարունակել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, զարգացնել մրցակցությունը և օրենսդրական մակարդակով ավելի հստակ պաշտպանել սպառողների իրավունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագիծը հուլիսի 17-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 17-ը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան 2004 թվականից հիմնականում գործում է ամբողջությամբ կարգավորվող մոդելով, և իրական մրցակցության բացակայության հետևանքով տուժում են սպառողները։ Նոր օրենքի նպատակն է անցում կատարել մրցակցային առևտրի կանոններով գործող շուկայի մոդելին։

Նախագծի հիմնական սկզբունքներից է սպառողի՝ էլեկտրաէներգիայի մատակարարին ազատ ընտրելու իրավունքը։ Օրենքով կհստակեցվեն նաև մատակարարին փոխելու կարգը, սպառողների իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի նվազագույն պահանջները և վեճերի լուծման հնարավորությունները։

Հաղորդման ու բաշխման համակարգերի օպերատորները, մատակարարները և ագրեգատորները պետք է ունենան սպառողների բողոքների ուսումնասիրման ներքին ընթացակարգեր։ Նախատեսվում է նաև ամեն տարի ուսումնասիրել սպառողների գոհունակությունը և նրանց մշտապես հասանելի տեղեկություններ տրամադրել իրենց իրավունքների ու բողոքարկման միջոցների մասին։

Խոցելի սպառող կհամարվի ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքի անդամը, այլև Կառավարության սահմանած սահմանամերձ համայնքի բնակավայրում բնակվող կենցաղային սպառողը։ Նախագծով նախատեսվում է խոցելի սպառողների պաշտպանության միջոցները սահմանել օրենքով։

Առանձին կսահմանվեն նաև հատուկ սպառողները, որոնց էլեկտրամատակարարման ընդհատումը կարող է վտանգել մարդկանց կյանքն ու առողջությունը, պետական անվտանգությունը կամ կենսական նշանակության ծառայությունների գործունեությունը։ Նման սպառողները մատակարարման առաջնահերթություն կունենան։

Նոր օրենքով ներդրվում են «ակտիվ սպառող», «ագրեգատոր», «պահանջարկի արձագանք», «էներգիայի պահեստավորում» և «էլեկտրաէներգիայի շեյրինգ» հասկացությունները։

Ակտիվ սպառողները կկարողանան ոչ միայն էլեկտրաէներգիա սպառել, այլև մասնակցել շուկային։ Պահանջարկի արձագանքի մեխանիզմով սպառողը կարող է, օրինակ, ժամային գներից կամ առաջարկվող խրախուսող վճարից կախված՝ որոշակի ժամերին նվազեցնել կամ ավելացնել իր սպառումը։

Ագրեգատորը հնարավորություն կունենա միավորելու բազմաթիվ փոքր սպառողների, արտադրողների կամ էներգիայի պահեստավորման կայանների հնարավորությունները և դրանց անունից մասնակցելու էլեկտրաէներգիայի շուկային։

Էլեկտրաէներգիայի շեյրինգի դեպքում շուկայի մասնակիցը կարող է մի վայրում էլեկտրաէներգիա արտադրել, իսկ այն սպառել կամ պահեստավորել իր՝ մեկ այլ վայրում գտնվող օբյեկտում։ Նախատեսվում է կարգավորել նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական համակարգին չմիացված՝ ինքնուրույն գործող համակարգերը։

Շուկա նոր մասնակիցների մուտքը հեշտացնելու համար որոշ գործունեությունների դեպքում լիցենզիայի փոխարեն կներդրվի պարզեցված՝ ծանուցման մեխանիզմ։

Ծանուցման հիման վրա հնարավոր կլինի զբաղվել 150 կիլովատից մինչև 15 մեգավատ հզորությամբ վերականգնվող էներգիայի կայանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, մեծածախ վերավաճառքով, ագրեգացմամբ և որոշ հզորության կայաններում էներգիայի պահեստավորմամբ։

Լիցենզիայի տրամադրման առավելագույն ժամկետը նախատեսվում է 80 աշխատանքային օրվանից կրճատել մինչև 50 աշխատանքային օր։

Հաղորդման և բաշխման համակարգերի օպերատորների գործունեությունը պետք է արդյունավետորեն տարանջատվի էլեկտրաէներգիայի արտադրությունից, մատակարարումից և մեծածախ առևտրից։ Կարգավորման նպատակն է շուկայի բոլոր արտադրողների ու մատակարարների համար ապահովել ցանցից օգտվելու թափանցիկ և ոչ խտրական պայմաններ։

Նախագծով կարգավորվելու են նաև էներգիայի պահեստավորող կայանների գործունեությունը, ցանցերի զարգացման երկարաժամկետ պլանավորումը, էլեկտրաէներգիայի ներկրումը, արտահանումն ու տարանցումը, շուկայում գնագոյացումը, սակագների սահմանումը և էլեկտրաէներգետիկական ճգնաժամերի կառավարումը։

Նոր օրենքի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններով։ Նախատեսվում է հայկական օրենսդրությունը մոտարկել ԵՄ-ի՝ մրցակցային էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող պահանջներին։

Օրենքը նախատեսվում է ուժի մեջ դնել 2029 թվականի փետրվարի 1-ից։ Այդ պահից «Էներգետիկայի մասին» գործող օրենքի՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտը կարգավորող դրույթներն ուժը կկորցնեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում