ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
2 րոպեի ընթերցում
ԱՄՆ Պետական դեպարտամենտը «Խուարես» (Juárez Cartel) թմրակարտելն ու Los Viagras հանցավոր խմբավորումը ճանաչել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հայտարարության համաձայն՝ «Խուարես» կարտելն ու Los Viagras-ը բռնի գործողություններ իրականացնող նարկոահաբեկչական խմբավորումներ են, որոնք բազմաթիվ հարձակումներ են գործել ԱՄՆ քաղաքացիների, Մեքսիկայի անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների դեմ։
Պետդեպարտամենտը, մասնավորապես, հիշեցնում է 2019 թվականին Մեքսիկայի Սոնորա նահանգում տեղի ունեցած զանգվածային սպանությունը, որի ընթացքում «Խուարես» կարտելի գերիշխող La Línea խմբավորման զինված անդամները սպանել էին ԱՄՆ 9 քաղաքացու՝ 3 մեծահասակի և վեց երեխայի։
Նշվում է, որ ԱՄՆ-ն շարունակելու է կիրառել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարելու, նարկոահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները խաթարելու, ԱՄՆ սահմանների անվտանգությունն ամրապնդելու և ամերիկյան համայնքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Պետդեպարտամենտը նշել է, որ նարկոկարտելներին ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ շնորհելը թույլ է տալիս մեկուսացնել այդ խմբավորումներին և դրանց անդամներին՝ զրկելով նրանց ԱՄՆ ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից և սահմանափակելով ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը։
Այս որոշման արդյունքում նշված խմբավորումների՝ ԱՄՆ-ում գտնվող կամ ԱՄՆ քաղաքացիների վերահսկողության ներքո գտնվող ամբողջ ունեցվածը սառեցվում է, իսկ ԱՄՆ քաղաքացիներին, ընդհանուր առմամբ, արգելվում է նրանց հետ ֆինանսական կամ այլ գործարքներ իրականացնել։