Մեկնարկել է «Շիրակի ճարտարապետությունը հնագույն շրջանից մեր օրերը» 2-րդ միջազգային ամառային դպրոցը
4 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է «Շիրակի ճարտարապետությունը հնագույն շրջանից մեր օրերը» միջազգային ամառային դպրոցը։ Միջազգային այս դպրոցն արդեն երկրորդ տարին է, ինչ իր դռներն է բացում հետաքրքրվողների առջև:

«Ծրագիրը միտված է տեսական գիտելիքներն ու գործնական հետազոտությունները մեկտեղելուն: Նախաձեռնության շրջանակում առաջնահերթությունը տրվում է մասնակիցների տեսական պատրաստվածությանն ու հետագա դաշտային հետազոտությունների մեթոդաբանական հիմքերի ձևավորմանը: Դասընթացների ընթացքում ներկայացվում են Շիրակի տարածաշրջանի բնակեցման փուլերն ու մշակութային ժառանգության ձևավորման առանձնահատկությունները: Մասնագետները մանրամասն անդրադառնում են վաղ շրջանի բնակավայրերի, ամրոցների և պաշտամունքային կառույցների ճարտարապետությանն ու դրանց նշանակությանը հայկական ճարտարապետության ընդհանուր համատեքստում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը։

Միջազգային փորձի փոխանակման նպատակով ծրագրին հրավիրվել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության դոկտոր Ֆրանչեսկո Աուջելին, ով մասնակիցներին է ներկայացնում պատմաճարտարապետական ժառանգության պահպանության և վերականգնման հիմունքները՝ շեշտադրելով գիտական փաստագրման, նվազագույն միջամտության և պատմական իսկության պահպանման միջազգային սկզբունքները:
Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է գործնական հմտությունների զարգացումը, որի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրում են հուշարձանների չափագրման հիմունքներն ու ամրակայման նախագծերի կառավարումը: Այս աշխատանքները զուգորդվում են արդի տեխնոլոգիաների՝ թվայնացման, եռաչափ փաստագրման և արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ քննարկումներով: Տեսական գիտելիքներն ամրապնդվում են անմիջապես հուշարձանների տարածքներում իրականացվող դաշտային հետազոտություններով: Մասնակիցները Ջրաձորի վաղ շրջանի ամրոցում, Հոռոմի և Բենիամինի հնավայրերում ուսումնասիրում են կառույցների պատմական զարգացման փուլերը, ճարտարապետական կառուցվածքն ու պահպանվածության վիճակը: Հենց տեղանքում իրականացվում են առանձին տարրերի չափագրումներ, լուսանկարահանումներ և փաստագրում, որոնք հիմք են դառնալու հետագա լսարանային հետազոտությունների համար:

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև բնական և մարդածին գործոնների հետևանքով առաջացած վնասվածքներին, քարերի քայքայման գործընթացներին և միջազգային փորձին համապատասխանող պահպանական ու վերականգնողական մոտեցումներին:
Ամառային դպրոցի ընթացիկ աշխատանքները ևս մեկ անգամ փաստում են, որ մշակութային ժառանգության ուսումնասիրությունը լավագույնս իրականացվում է գիտական մոտեցման, գործնական աշխատանքի և թիմային համագործակցության համադրմամբ: