ՀԹՀԱ-ն անդրադարձել է թարգմանության միջազգային օրվան
1 րոպեի ընթերցում

Թարգմանության միջազգային օրվա առթիվ՝ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ) շնորհավորում է ոլորտի բոլոր մասնագետներին, որոնց ջանքերով ապահովվում է անխափան ու որակյալ հաղորդակցություն հանրային և մասնավոր հատվածների, միջազգային կառույցների միջև։
Տարիներ շարունակ ասոցիացիան Թարգմանիչների միջազգային օրը նշանավորել է մասնագիտական քննարկումներով՝ «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումնասիրելով թարգմանչի դերը» և «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում» խորագրերով պանելային քննարկումներով։ Այս նախաձեռնությունների նպատակն էր հրավիրել մասնավոր և հանրային հատվածների ներկայացուցիչների ուշադրությունը ճշգրիտ թարգմանության, որակի վերահսկման և էթիկական չափորոշիչների պահպանման վրա։
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան, որը Հայաստանում համընթաց թարգմանիչների միակ մասնագիտական միավորումն է, հիմնադրվել է դեռևս 2007 թվականին։ Այսօր ասոցիացիան 20-ից ավելի բարձրակարգ համընթաց և հաջորդական թարգմանության ծառայություն մատուցող մասնագետների հարթակ է։
Որակյալ և բարձրակարգ համընթաց թարգմանչական ծառայություններից օգտվելու կամ ՀԹՀԱ անդամ թարգմանիչների հետ կապ հաստատելու համար այցելեք www.targman.am։