ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա
2 րոպեի ընթերցում
Ռուսաստանը սպասում է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցնեն Հարավային Կովկասում համագործակցության տարածաշրջանային «3+3» հարթակի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումների անցկացման հերթականությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով։
««3+3» հարթակի փորձագիտական առաջին նիստում, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 5-ին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, մասնակիցները հանդես են եկել այն դիրքորոշմամբ, որ անհրաժեշտ է կենտրոնանալ փոխշահավետ տնտեսական կոնկրետ նախագծերի վրա՝ խուսափելով գործընթացի քաղաքականացումից։ Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հարթակի նախորդ երեք հանդիպումները հերթականությամբ անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։
«3+3» ձևաչափը ստեղծվել է որպես Հարավային Կովկասի երեք երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և երեք խոշոր տարածաշրջանային տերություններին՝ Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային միավորող հարթակ։ Վրաստանը հարթակի շրջանակներում տեղի ունեցած որևէ հանդիպման չի մասնակցել։