Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաներ դասավանդող 1129 մանկավարժ լրավճար կստանա

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդլայնել բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ առարկաներ դասավանդող և լրավճար ստացող մանկավարժական աշխատողների շրջանակը՝ դրանում ներառելով նաև լաբորանտներին, գրադարանավարներին, էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետներին ու այլ աշխատակիցների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Գործող կարգավորմամբ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին իրենց իրականացրած դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։

Նախագծով առաջարկվում է տարանջատել վարչական և մյուս մանկավարժական աշխատողներին՝ սահմանելով, որ լրավճար չի տրամադրվի միայն նույն հաստատությունում դասավանդող վարչական աշխատողներին։

Այդ շրջանակում ներառվում են տնօրենը, տնօրենի տեղակալները, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը և վարչատնտեսական աշխատողները։

Փոփոխության արդյունքում լրավճար ստանալու հնարավորություն կունենան այն մանկավարժական աշխատողները, որոնք իրենց հիմնական հաստիքին զուգահեռ դասավանդում են ԲՏՃՄ ուղղությամբ առարկաներ և բավարարում են ուսուցչի որակավորման պահանջներին։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներով՝ նախագծի ընդունման դեպքում շահառուների թիվը կավելանա 1129-ով։ Նրանցից 694-ը լաբորանտներ են, 269-ը՝ էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետներ, 73-ը՝ գրադարանավարներ, 80-ը՝ դաստիարակներ, դասղեկներ, զինղեկներ, խմբակավարներ և այլ աշխատողներ, իսկ 13-ը՝ հոգեբաններ, հատուկ և սոցիալական մանկավարժներ։

Նոր շահառուներին տրամադրվող լրավճարի տարեկան ընդհանուր գումարը նախնական գնահատմամբ կկազմի 278,6 միլիոն դրամ։

2026 թվականի պետական բյուջեով ծրագրի համար նախատեսված է 2 միլիարդ 138,7 միլիոն դրամ՝ 8881 շահառուի հաշվարկով։ Ներկայում լրավճար է ստանում 8300 անձ, որոնց վճարումների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 902,8 միլիոն դրամ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունից հետո բյուջեով հաշվարկված շահառուների թիվը կավելանա 548-ով՝ հասնելով 9429-ի, ինչի համար տարեկան լրացուցիչ կպահանջվի 42,6 միլիոն դրամ։

Նախագծով առաջարկվում է նաև լրավճար ստանալու հիմքում դնել ոչ թե առարկաների ֆիքսված անվանումները, այլ դրանց՝ բնագիտական և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներին պատկանելությունը։ Սա հնարավորություն կտա պահպանել կարգավորման կիրառելիությունը նաև առարկաների անվանումների փոփոխության կամ նոր ծրագրերի ներդրման դեպքում։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից