Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
2 րոպեի ընթերցում

Եմենի հյուսիսը վերահսկող հութիները հուլիսի 13-ին մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի միջազգային օդանավակայանին օդային հարվածներ հասցնելու համար՝ խոստանալով հակահարված տալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հարձակումներն անվանել է «բացահայտ ագրեսիա» և նշել, որ սրանով ավարտվում է երկարատև հակամարտության լարվածության թուլացման շրջանը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան կկրի հետևանքները, և որ հարձակումն անպատասխան չի մնա։
Սաուդյան Արաբիան չի արձագանքել մեղադրանքներին։
Հուլիսի 13-ին ավելի վաղ երկրի հարավում գտնվող Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իր զինված ուժերը թիրախավորել են Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղին՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար։
Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաքը և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։
Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։
Կառավարության պաշտպանության նախարարը հայտարարել է, որ սպառել է Իրանին և հութիներին համոզելու դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու, իր խոսքով, իրանական ինքնաթիռների կողմից Եմենի օդային տարածքի խախտումը։ Նա նշել է, որ կառավարական ուժերը «բոլոր հասանելի միջոցներով» կարձագանքեն ցանկացած թշնամական ինքնաթիռի կողմից Եմենի օդային տարածքի խախտմանը։
Միջազգային ճանաչում ունեցող կառավարության տեղեկատվության նախարար Մուամմար բին Մութահար ալ-Էրյանն իր հերթին հայտարարել է, որ հութիները Սանայի օդանավակայանում կալանել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող ինքնաթիռը և ձերբակալել օդաչուներին։