Ֆրանսիական կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել և արդիականացվել է Երանոսի բուժամբուլատորիան
2 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի խորհրդի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի շրջանակում վերանորոգվել և արդիականացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի բուժամբուլատորիան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, Երանոսի բուժամբուլատորիայի վերանորոգման և արդիականացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 953 հազար դրամ։ Ծրագիրն իրականացվել է ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության ֆինանսավորմամբ։

Մարտին մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են մայիսին։ Իրականացվել են տանիքի, հատակների և սանհանգույցների վերանորոգում, պատերի ներքին և արտաքին հարդարում, ինչպես նաև շենքի բարեկարգմանն ուղղված այլ աշխատանքներ։ Ներկայում ընթանում է բուժամբուլատորիայի կահավորման գործընթացը։
Բուժամբուլատորիան նաև վերազինվում է սոնոգրաֆիկ սարքով, որի ձեռքբերման ֆինանսավորմանը համամասնորեն մասնակցում է ֆրանսիական կազմակերպությունը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանը ֆրանսիացի գործընկերների հետ այցելել է «Երանոսի ԲԱ» ՊՈԱԿ՝ տեղում ծանոթանալու ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ նման արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ նպաստելով համայնքների առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանը և բնակիչներին մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը։