Գերությունից փրկված արջերը վայրի բնություն չեն կարող վերադառնալ. ինչպես են վերականգնվում կենդանիները փրկարար կենտրոնում
8 րոպեի ընթերցում

Երկար տարիներ անազատ պայմաններում պահվելու հետևանքով կենդանիները ձեռք են բերում մի շարք խնդիրներ. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվող արջերը հիմնականում ունենում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք ձևավորվել են տարիներ շարունակ ոչ պատշաճ պայմաններում պահվելու հետևանքով։ Բուժումից մինչև վարքագծային վերականգնում՝ յուրաքանչյուր կենդանու հետ իրականացվում է երկարատև աշխատանք, սակայն նրանց վերադարձը վայրի բնություն արդեն անհնար է։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի արջերի խնամքի համակարգող Նարինե Փիլոյանը ներկայացրել է, թե ինչ վիճակում են կենդանիները հայտնվում կենտրոնում, ինչ աշխատանք է իրականացվում նրանց հետ և ինչու է հասարակության մտածելակերպի փոփոխությունը կարևոր վայրի բնության պահպանության համար։
Նրա խոսքով՝ կենդանիների մոտ հաճախ հանդիպում են կոտրված կամ վնասված ատամներ, թաթերի և ներբանների խոցեր, տարբեր վնասվածքներ ու առողջական այլ խնդիրներ։ Սակայն ֆիզիկական խնդիրներից ոչ պակաս կարևոր են հոգեբանական շեղումները, որոնք արտահայտվում են կենդանու վարքագծի փոփոխությամբ։

«Երբ կենդանին երկար ժամանակ պահվում է անազատ պայմաններում, մշտական սթրեսի մեջ է ապրում, նրա վարքագիծը փոխվում է։ Այդ փոփոխություններն արդեն պահանջում են երկարատև աշխատանք, որպեսզի հնարավոր լինի բարելավել կենդանու բարեկեցությունը»,- նշեց նա։
Փիլոյանի խոսքով՝ փրկված արջերը կենտրոն են տեղափոխվում ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից, բենզալցակայաններից և մասնավոր անձանց տարածքներից, որտեղ նրանք տարիներ շարունակ պահվել են փոքր, սահմանափակ ճաղավանդակներում։

Շատ դեպքերում կենդանիները զրկված են եղել արևի լույսից, ապաստարանից, բնական հողի վրա քայլելու հնարավորությունից, լողավազանից կամ նույնիսկ թաքնվելու վայրից։
«Սա կենդանու համար պահման միջավայր չէ։ Սա, փաստացի, խոշտանգման խուց է»,- ընդգծեց նա։
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը հիմնադրվել է 2016 թվականին։ Այսօր կենտրոնում և հիմնադրամի մյուս տարածքում պահվում է ավելի քան 30 փրկված արջ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու վերականգնման ճանապարհը։
«Կենտրոն հասնելուց հետո կենդանիները նախ անցնում են կարանտինային շրջան։ Այդ ընթացքում մասնագետները գնահատում են նրանց առողջական վիճակը, իրականացնում անհրաժեշտ հետազոտություններ և սկսում բուժումը։

Եթե առկա խնդիրների լուծման համար տեղացի մասնագետների հնարավորությունները բավարար չեն լինում, կենտրոնը համագործակցում է նաև արտասահմանյան մասնագետների հետ՝ կենդանիներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Ֆիզիկական խնդիրների հաղթահարումից հետո սկսվում է ոչ պակաս կարևոր փուլը՝ հոգեբանական վերականգնումը»,-նշեց մասնագետը:
Փիլոյանը նշեց, որ կենդանիների վարքագծային շեղումների հիմնական պատճառներն են երկարատև սթրեսն ու ձանձրույթը, ուստի կենտրոնում նրանց համար ստեղծվում են տարբեր զբաղվածություններ, որոնք խթանում են բնական վարքագիծը։
Դրանք ներառում են սննդային զբաղվածություններ, միջավայրի հարստացման տարբեր միջոցներ, ինչպես նաև հոտային խթաններ. «Եթե, օրինակ, որևէ բույր դուր է գալիս արջին, նա սկսում է շփվել դրա հետ, պառկել այդ հատվածում, մորթին քսել այդ մակերեսին։ Սա ցույց է տալիս, որ կենդանու զգայարաններն ակտիվ աշխատում են, իսկ դա չափազանց կարևոր է գիշատիչ կենդանու համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նման միջոցների նպատակը միայն կենդանուն զբաղեցնելը չէ, այլ հնարավորինս բնական վարքագծի խթանումը, որպեսզի նրա առօրյան չդառնա միապաղաղ, իսկ կյանքի մնացած տարիներն անցնեն առավել բարեկեցիկ պայմաններում։
Փիլոյանի խոսքով՝ գերությունից փրկված հասուն արջերի վերադարձը վայրի բնություն, ցավոք, այլևս հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկար տարիներ մարդու խնամքի տակ պահված կենդանիները կորցնում են գոյատևման համար անհրաժեշտ մի շարք բնական բնազդներ։
«Կենդանին այլևս չի կարողանում ինքնուրույն որս անել, սնունդ հայթայթել, գտնել ապահով ապաստան կամ պաշտպանվել վտանգներից։ Բացի այդ, տարիներ շարունակ մարդու կողմից կերակրվելու հետևանքով փոխվում է նաև նրա վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Նա այլևս մարդուն չի ընկալում որպես վտանգ, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ թե՛ կենդանու, թե՛ մարդու համար»,- ասաց նա։
Հենց այդ պատճառով փրկված արջերը կյանքի մնացած տարիներն անցկացնում են կիսաազատ պայմաններում, որտեղ նրանց համար ստեղծված է հնարավորինս բնական միջավայր։
Փիլոյանի խոսքով՝ կենտրոնում կենդանիների համար ապահովվում է բնական հողածածկ, ծառեր, խոտածածկ տարածքներ, որջեր և լողավազաններ, որպեսզի նրանք կարողանան դրսևորել իրենց բնական վարքագիծը։

«Ձմռանը նրանք հնարավորություն ունեն մտնել որջերը և ձմեռել, իսկ գարնանը, երբ տարածքում խոտ է աճում, սկսում են արածել այնպես, ինչպես դա կանեին վայրի բնության մեջ։ Նրանք շրջում են քարերը, դրանց տակ միջատներ փնտրում, ուսումնասիրում տարածքը։ Այս ամենը կարևոր է կենդանու ֆիզիկական և հոգեբանական առողջության համար»,- նշեց նա։
Խոսելով այն մասին, թե ինչու են վայրի կենդանիները հաճախ հայտնվում բնակավայրերում՝ մասնագետը նշեց, որ հիմնական պատճառը բնության մեջ սննդի պակասն է, որի առաջացման մեջ մեծ դեր ունի նաև մարդը։
Նրա խոսքով՝ անտառահատումները, բնական միջավայրից մեծ քանակությամբ մրգերի, հատապտուղների և այլ սննդային պաշարների հավաքը նվազեցնում են կենդանիների բնական սննդային ռեսուրսները։
Նրա համոզմամբ՝ վայրի կենդանիների պահպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների հիմքում հասարակության մտածելակերպն ու բնության նկատմամբ վերաբերմունքն են. «Շատ բնապահպանական խնդիրների պատճառը մեր վարքագիծն է։ Երբ փոխվում է մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ, բազմաթիվ խնդիրներ սկսում են լուծվել»:

Այդ նպատակով կենտրոնն իրականացնում է բնապահպանական կրթական ծրագրեր՝ աշխատելով հատկապես երեխաների հետ։ Փիլոյանի խոսքով՝ երբեմն կենտրոնի մասնագետներն են այցելում դպրոցներ, երբեմն էլ դպրոցականներն ու ճամբարների մասնակիցները գալիս են փրկարար կենտրոն, որտեղ ոչ միայն տեսնում են կենդանիներին, այլև ծանոթանում նրանց պատմություններին։
«Մենք պատմում ենք, թե որտեղից է կենդանին փրկվել, ինչ պայմաններում է պահվել և ինչ ճանապարհ է անցել մինչև այստեղ հասնելը։ Երբ երեխաները սեփական աչքերով տեսնում են այդ կենդանիներին, ավելի լավ են հասկանում խնդրի լրջությունը, քան միայն տեսանյութ դիտելու կամ պատմություն լսելու դեպքում»,- նշեց նա։
Մասնագետի խոսքով՝ կրթությունը խնդրի երկարաժամկետ լուծման կարևոր բաղադրիչ է, սակայն միայն կրթությամբ հնարավոր չէ արագ արդյունքի հասնել։
«Անհրաժեշտ է նաև արդյունավետ օրենսդրություն, խիստ վերահսկողություն և իրավասու մարմինների հետևողական աշխատանք։ Կրթությունը ձևավորում է մտածողությունը, բայց դրա արդյունքը ժամանակ է պահանջում, մինչդեռ ուժեղ օրենքներն ու դրանց կիրառումն ավելի արագ ազդեցություն կարող են ունենալ»,- եզրափակեց Նարինե Փիլոյանը։
