Իրավունք

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկ»-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի ապրիլի 8-ը, սակայն պայմանագիրը շարունակել է գործել անորոշ ժամկետով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ անորոշ ժամկետով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքված լինելու դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագրից՝ այդ մասին մյուս կողմին երեք ամիս առաջ տեղեկացնելով, ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում