Հայաստան

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

2 րոպեի ընթերցում

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ «Արմենպրես»+-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

«2026թ. հունվարին ընդունված «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով (https://arlis.am/hy/acts/219984/latest) կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և շինհրապարակների կահավորման համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն մեկ ամիս»,– հայտնում են Կոմիտեից՝ հորդորելով բոլոր կառուցապատողներին առաջնորդվել նոր նորմերի պահանջներով, պատասխանատու կերպով կազմակերպել շինարարությունը և մասնակցել շրջակա միջավայրի պահպանությանը։

Այսպիսով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով օդի մաքրման համակարգեր՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող ու ցածր արտանետումներով սարքավորումներ:

Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումն օդի որակի մոնիթորինգային սարքերով։

Բացի այդ, ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած տարածքները՝ խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը։

Կառուցապատողները պարտավոր են հետևել նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման, նյութերի փոխադրման, պահպանման և այլ պահանջներին։

Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումներ ամրագրող նորմերի պահպանումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների շարքում շինարարության գործոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում