ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ Պանամայի ջրանցքը գտնվի Չինաստանի վերահսկողության ներքո։
«Հիմա Չինաստանը փորձում է վերահսկողության տակ վերցնել Պանամայի ջրանցքը։ Մենք դա թույլ չենք տա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Դակոտա նահանգում։
Խոսելով ջրանցքի մասին՝ նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն այն «տվել է» Պանամային։ «Եվ նրանք մեծ գումարներ են վաստակել։ Ինչ հիմարություն է եղել », - ընդգծել է Թրամփը։
Թրամփը բազմիցս հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին։ Նա Չինաստանի առևտրային ներկայությունն այդ ռազմավարական ջրային ուղում համարել է սպառնալիք ԱՄՆ անվտանգության և առևտրային շահերի համար։
1914 թվականին շահագործման հանձնված ջրանցքը կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոս-Կարտերի պայմանագրով սահմանվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվեց 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսում է ջրանցքի չեզոք կարգավիճակը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար: