Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, ԵՄ-ն պատրաստ է այդ տեսլականը իրականություն դարձնել. Եվրահանձնաժողովի նախագահ
3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատմական իրադարձություն է որակել 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտարարել է Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր, ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական կարգավորմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և դրա պտուղները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների հետ, ուստի մենք պատրաստ ենք միասին այս տեսլականը դարձնել իրական»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը Հարավային Կովկասում կապակցվածության ծրագրերը խթանելու համատեքստում խոսել է 200 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին, որը իրականացվում է վերջերս մեկնարկած տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման միջտարածաշրջանային հարթակի և Եվրամիության «Կապակցվածություն՝ հանուն խաղաղության» փաթեթի շրջանակներում, որն ունի մինչև 2 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավելու ներուժ։
Նա հիշեցրել է նաև, որ հուլիսի 1-ին ինքը Բաքվում հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղությունը խթանելուն աջակցելու համար 20 միլիոն եվրոյի հատկացման մասին։
Նրա խոսքով՝ աջակցության այս ծրագրերից օգտվելով՝ Հայաստանը կարող է շարունակել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացումը՝ ներառյալ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքները։
«Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ենթակառուցվածքներ։ Միաժամանակ կառուցում ենք կամուրջներ ժողովրդավարությունների միջև։ Մենք ցանկանում ենք նաև աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքների ներուժին ու միկրոձեռնարկություններին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ Հայաստանը կարող է հույսը դնել Եվրամիության վրա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել հուլիսի 2-ի առավոտյան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։