Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Փաշինյան

Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է, իսկ Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր առավել մոտ են, քան երբևէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ուրախ է տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալել Եվրոպական հանձնաժողովի նախագահին Հայաստանում։

«Հայաստան-ԵՄ համագործակցության հիմքում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն են, որոնք հիմնված են ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքների վրա»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և այդ ուղղությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների կիրառման հարցերը։

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված 52 միլիոն եվրոյի բյուջետային աջակցության համար, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրներում հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու համար։

«Այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ Եվրամիությունը կկիրառի այս գործիքը»,- նշեց վարչապետը։

Նա հավելեց, որ հայկական կողմը հույս ունի Եվրոպական միության և անդամ պետությունների հետ ակտիվ համագործակցության արդյունքում հնարավորինս արագ ավարտել որոշման ընդունման գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն մեկնարկել է բերքահավաքի շրջանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում