Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը փայլել է Ժնևում
5 րոպեի ընթերցում

Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հաջողված համերգներով է ներկայացել Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Նվագախմբի կամերային կազմը համերգով հանդես է եկել կոնսերվատորիայի համերգասրահում՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված հատուկ ծրագիր։
Հոբելյանական միջոցառումների գլխավոր համերգը տեղի է ունեցել Ժնևի հանրահայտ Victoria Hall համերգասրահում։ Եվրոպայի ամենահեղինակավոր համերգային դահլիճներից մեկում հայ պատանի երաժիշտների ելույթը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն դպրոցի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը հիշեցրեց, որ 2026-ը հայտարարել են որպես մշակութային կրթության տարի։ «Ծրագրերը, որոնք տարվա կտրվածքով իրականացվել են և մինչև տարեվերջ պետք է կյանքի կոչվեն, միտված են այն գաղափարին, որ ամենուրեք ոչ միայն խոսվի մշակութային կրթության մասին, այլև իրականացվեն այնպիսի ծրագրեր, մշակվեն այնպիսի նախաձեռնություններ, որոնք կբերեն նրան, որ կունենանք կրթված, գեղագիտական ճաշակ ունեցող, մշակույթն ավելի լավ ճանաչող, այն սիրող սերունդ»,-ասաց Սահակյանն ու հավելեց՝ նախարարությունը մշտապես աջակցում է իր ենթակայությամբ գործող կազմակերպություններին, կրթօջախներին, միջազգային համագործակցություններին, ծրագրերին, որոնք միտված են նպաստել աշակերտների և պատանիների մասնագիտական աճին ու զարգացմանը։
Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն անդրադարձավ 2025-2026 թվականների ուսումնական տարվան՝ նշելով, որ գրանցել են բազմաթիվ հաջողություններ. դպրոցի 60-ից ավելի սան միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել։ Նրանք մասնակցել են Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում կազմակերպված մրցույթների, փառատոնների։

«Դպրոցում դաշնակահարների փառատոն է անցկացվում, որը ոգևորում է երեխաներին։ Տարվա ընթացքում դպրոցում մոտ քառասուն վարպետության դաս է անցկացվել արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ, մեր կոլեկտիվները, որոնք մեր հպարտությունն ու այցեքարտն են՝ նվագախումբը, երգչախումբը, ունեցել են բազմաթիվ ելույթներ։ Դպրոցի կամերային նվագախումբը հրատարակել է երկու ալբոմ»,-ընդգծեց տնօրենը։
Նա հիշեցրեց, որ 2015 թվականից համագործակցում են Վալանսի կոնսերվատորիայի հետ, որի շրջանակում ձևավորվել է հայ-ֆրանսիական նվագախումբ։ «Այն ելույթներ է ունեցել և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում։ 2026-ին հանդես են եկել Ֆրանսիայի վեց քաղաքում։
Խոսելով Ժնևում կայացած համերգներից՝ Կոստանդյանը կարևորեց այն, որ համերգներից մեկի ընթացքում որպես մենակատար հանդես է եկել դպրոցի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը։ Նրա կատարմամբ հնչել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ինչպես նաև հատվածներ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետներից։
Չայկովսկու անվան երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Դավիթ Մարուխյանի խոսքով՝ նվագախումբը ստեղծվել է էնտուզիազմի, երաժշտության հանդեպ սիրո հիման վրա։

«Վեց տարվա մեջ հետաքրքիր ու լավ համերգներ ենք ունեցել, որոնց ընթացքում բարդ գործեր ենք նվագել, իսկ Ժնևում կայացած համերգներին կատարել ենք Ալեքսանդր Հարությունյանի «Սիմֆոնետտա»-ն, որը հայ կոմպոզիտորական արվեստում համարվում է բարդագույն ստեղծագործություն՝ բաղկացած չորս մասից։ Մենք տեխնիկապես հաղթահարեցինք այն ու մեր սեփական մեկնաբանությամբ ներկայացրինք։ Նվագախումբն առողջ աշխատող օրգանիզմ է. փորձերի ժամանակ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել և ըստ դրա երաժշտական մեկնաբանություններ անել։ Մեր կատարումներում ամեն երեխայի ճաշակը և տեսլականն արտացոլվում են»,-ասաց դիրիժորն ու հավելեց՝ նվագել են նաև Էդվարդ Միրզոյանի «Էպիտաֆ» պոեմը, որը շատ խորը փիլիսոփայական և բարդ ստեղծագործություն է։
Նվագախումբը խոստանում է շարունակել իր ստեղծագործական բեղուն գործունեությունն ու յուրահատուկ համերգներով ներկայանալ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։
