Հայաստան

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինական գործընթացների թվայնացման առաջիկա ծրագրերը։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը հրավիրված են եղել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Եղիազար Վարդանյանը նշել է, որ քաղաքաշինության ոլորտի թվայնացումն արդեն մեկնարկել է մի քանի ուղղություններով։

«Առաջիկայում մեր առաջնահերթություն է լինելու շինարարության որակի տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը թվային լուծումների կիրառմամբ։ Այդ նպատակով Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ ուսումնասիրել ենք միջազգային փորձը և քննարկում ենք՝ արտերկրում հաջողությամբ գործող թվային համակարգերը Հայաստանում ևս ներդնելու տարբերակներ»,-հայտնել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ նախատիպային համակարգը կարող է նախ կիրառվել դպրոցների կառուցման պետական ծրագրերում։

Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի փորձագետների հետ համագործակցելու,  էլեկտրոնային համակարգերի կիրառությանը մասնագիտական համայնքին նախապատրաստելու վերաբերյալ հարցեր՝ կարևորելով թվային գործիքների ներդրումից զատ մասնագետների գործելաոճի փոփոխությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել թվային հարթակում համալիր փորձաքննության և հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործարկման նախապատրաստությանը։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման և հաշվետվությունների համակարգի ներդրման աշխատանքները։ Բացի այդ, դիտարկվել է նախագծերի փորձաքննության փուլում արհեստական բանականության գործիքակազմի կիրառման հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում