Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
2 րոպեի ընթերցում

Չինաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը կյանքի կկոչեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որպեսզի հնարավոր լինի անցում կատարել բանակցությունների հաջորդ փուլերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին Սաուդյան Արաբիայի ԱՀ նախարար Ֆայզալ բին Ֆահրան ալ Սաուդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հարցում առաջնահերթությունը պետք է լինի փոխըմբռնման հուշագրի պահպանումն ու իրականացումը, բանակցությունների շարունակական պահպանումը և աշխատանքը՝ ձեռք բերելու համապարփակ համաձայնություն, որը կընդունվի տարածաշրջանային երկրների կողմից և կարժանանա միջազգային հանրության աջակցությանը։
Վան Ին հավելել է, որ ներկայիս հրադադարը դեռ փխրուն է, սակայն «խոսելը ավելի լավ է, քան կռվելը, իսկ երկխոսությունը՝ ավելի լավ, քան հակամարտությունը»։
Նա նշել է, որ Չինաստանը ողջունում է ԱՄՆ-Իրան բանակցությունների մեկնարկը և պատրաստ է աշխատել Սաուդյան Արաբիայի հետ՝ նպաստելու լարվածության նվազեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը։
Չինաստանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Սաուդյան Արաբիային միջազգային և տարածաշրջանային հարցերում ավելի մեծ դեր ստանձնելու հարցում։