Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
2 րոպեի ընթերցում

Բելգիայի Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնը (AWDC) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 321 բնական ադամանդներով զարդարված ոսկե մատանի է նվիրել՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ։ Մատանին հանձնել են Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել AWDC-ի կայքում:
«Պատրաստված 18-կարատանոց ոսկուց, 321 բնական ադամանդներից և 75 թանկարժեք քարերից՝ սա եզակի զարդ է, որը ստեղծվել է հատուկ այս առիթի համար», - նշված է հաղորդագրության մեջ։
«Միացյալ Նահանգները մեր կարևորագույն առևտրային գործընկերն է եղել սերունդներ շարունակ։ Անտվերպենում վաճառվող բնական ադամանդների մեծ մասն, ի վերջո, հասնում է ամերիկացի ոսկերիչներին և գնորդներին։ Մենք ցանկանում ենք այս մատանու միջոցով նշանավորել մեր սերտ տնտեսական հարաբերությունները», - ասել է AWDC-ի նախագահ Իսիդոր Մորսելը։
Նա հատկապես ընդգծել է, որ մատանին պատրաստելիս օգտագործվել են միայն բնական ադամանդներ։
«Բնական և արհեստական ադամանդները հնարավոր չէ տարբերել անզեն աչքով, բայց դրանց ծագումը, եզակիությունը, արժեքը և կարգավիճակը հիմնովին տարբերվում են», - հավելել է Մորսելը։
Մատանին ընդունելիս ԱՄՆ դեսպանն այն անվանել է «բացառիկ նվեր», որն արտացոլում է ոչ միայն Անտվերպենի ոսկերիչների աշխարհահռչակ վարպետությունը, այլև երկու երկրների հատուկ հարաբերությունները։ Դոնալդ Թրամփը տեսագրված ուղերձով նույնպես շնորհակալություն է հայտնել նվերի համար։