1 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Հակոբյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Կաթնառատ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության է հանձնվել «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը: Ըստ հետազոտության արդյունքների՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է:
Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ: