Հայաստան

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

5 րոպեի ընթերցում

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Երևանում տեղի ունեցավ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում, որը կազմակերպվեց Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  բացման խոսքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորեց միջոցառումն ու թեման՝ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր դերակատարների համար։

«Ուզում եմ հատուկ նշել, որ այս ոլորտը բավականին մեծ, բազմաշերտ և շատ հարթություններ ունեցող  է և այդ ուղղությամբ աշխատանքները ենթադրում են մի շարք կառուցակարգերի առկայություն։ Առաջնահերթը, բնականաբար, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումն է, որն իրենից դարձյալ բազմաշերտ ընթացք է ենթադրում և կանխարգելման պատշաճ մեխանիզմների առկայություն՝ ինչպիսիք են, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, դիտորդական տարբեր խմբերը, դարձյալ որպես մշտադիտարկում իրականացնող դերակատարներ»,-ասաց Մանասյանը։

Նրա խոսքով՝ կանխարգելման համակարգի դիտանկյունից կարևոր դերակատարություն ունի խոշտանգումների դեպքերի առնչությամբ ահազանգեր ներկայացնելու համար պատշաճ ու բարենպաստ միջավայր ունենալը, քանի որ, եթե վերջինս անվտանգ և պատշաճ չէ, ապա անվտանգ չեն նաև հասցեավորման մեխանիզմները զոհերի տեսանկյունից ահազանգեր ներկայացնելու համար։

«Չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր համակարգերի ներկայացուցիչները, հատկապես՝ ազատությունից զրկման վայրերում, կլինեն՝ քրեակատարողական հիմնարկներ, թե ձերբակալվածներին պահելու վայրեր, ինչու չէ, այս առումով նաև շատ լուրջ գործառույթներ ենք իրականացնում նաև զինված ուժերում, հատկապես՝ ծառայողները, պատշաճ տեղեկատվություն ունենան ընդհանրապես այն մասին, թե ի՞նչ է վատ վերաբերմունքը, ինչպե՞ս է անհրաժեշտ կանխարգելել»,-ընդգծեց ՄԻՊ-ը՝ կարևորելով անհրաժեշտ ձևաչափով աշխատանքը  համապատասխան միջավայր ձևավորելու դիտանկյունից, որպեսզի բացի կանխարգելման մեխանիզմներից, ձևավորվի անվտանգ միջավայր դեպքերի վերաբերյալ համապատասխան ահազանգեր ներկայացնելու առումով։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին պատրաստակամություն հայտնելով առկա համագործակցության շարունակականության և ամրապնդման համար,  նշեց, որ Եվրոպական հանձնաժողովը, ըստ 2023 թվականի զեկույցի,  Հայաստանում խոշտանգումների կանխարգելման տեսանկյունից  մի շարք շատ դրական զարգացումներ է արձանագրել։ Այդուհանդերձ, ըստ նրա, առկա են նաև մարտահրավերներ, կապված՝ կոնկրետ հաստատություններում վիճակի, պայմանների հետ։

ՄԱԶԾ ներկայացուցիչը կարևորեց խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ թվային գործիքների կիրառումը՝ համակարգային վերստուգումներով մշտադիտարկման գործիքների արդյունավետության բարձրացման համար։

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին հավաստիացրեց, որ Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ Հայաստանին այս ոլորտում աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև  մարդու իրավունքների կառուցակարգերի աշխատանքը ամրապնդելու հարցերում։ Հայաստանում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ու խոշտանգումների կանխարգելման տեսանկյունից, բանախոսը բացի պետական և իրավապաշտպան այլ կառույցներից, շեշտեց նաև քաղհասարակության դերը՝ անփոխարինելի համարելով այն։

Միջոցառմանն առցանց մասնակցող՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ Էլինա Շտեյներտեն արձանագրեց, որ Հայաստանի ազգային կանխարգելիչ մեխանիզմի պատասխանատուների հետ արդեն ձևավորվել է քառամյա համագործակցություն։

«Այսօրվա միջոցառումը, իսկապես, չափազանց կարևոր հնարավորություն է՝ հասկանալու Հայաստանի մոտեցումը այս ոլորտում, և ես բոլորիս մաղթում եմ, իսկապես, արգասաբեր քննարկում, ինչը շատ կարևոր է հայ հասարակությունն ավելի պաշտպանված դարձնելու տեսանկյունից»,-ասաց  Շտեյներտեն։

Այնուհետև մեկնարկեցին պանելային քննարկումները, մասնավորապես՝ խոշտանգման զոհերի աջակցման առկա մեխանիզմների և ոլորտում օրակարգային թեմաներով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում