Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը
4 րոպեի ընթերցում
Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը համարվում է սպառված։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դիլանյանը նման հայտարարություն է արել նիստի ընթացքում՝ դիմելով ՍԴ դատավորներին։
ՍԴ նախագահը նշել է, որ դատարանի իրավազորության հետ կապված որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մտահոգությունները վերաբերում էին դատավորների մասնակցության անհնարինության հարցին։
Նրա խոսքով՝ որպեսզի այդ հարցը քննարկվի և դառնա Սահմանադրական դատարանի որոշում, անհրաժեշտ է, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը բարձրացնի տվյալ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը։
«Հարգելի գործընկերներ, որևէ մեկը այս պայմաններում բարձրացնո՞ւմ է դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը սույն գործով։ Որևէ մեկը չի բարձրացնում, ուրեմն այս հարցը մենք համարում ենք սպառված և անցնում ենք առաջ»,- ասաց Դիլանյանը։
ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը մտահոգություն էր հայտնել դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության վերաբերյալ։ Նա նշել էր, որ Սաֆարյանի, ինչպես նաև Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցության հարցը ՍԴ-ում քննարկվել է նրանց նախկին կուսակցական կապերի համատեքստում։
Սեդա Սաֆարյանի մասնակցությունը գործի քննությունից բացառելու պահանջով ավելի վաղ հանդես էր եկել նաև «Հայաստան» դաշինքը՝ պնդելով, որ նա կարող է կողմնակալ լինել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախկինում արտահայտած վերաբերմունքի և 2021 թվականի ընտրություններին Արման Բաբաջանյանի հետ նույն ցուցակով մասնակցելու հանգամանքով պայմանավորված։ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերից մեկն է։
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները նաև հիշեցրել էին Սեդա Սաֆարյանի՝ դատավոր նշանակվելուց հետո արած «անցյալին վերադարձ չի լինելու» արտահայտությունը։
Սահմանադրական դատարանն ավելի վաղ հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը Սեդա Սաֆարյանի մասով քննության առարկա չի դարձել, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները։
Միևնույն ժամանակ, ՍԴ-ն տեղեկացրել էր, որ հունիսի 21-ի աշխատակարգային նիստում ՍԴ դատավորների կողմից արդեն բարձրացվել էր ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը։
Քվեարկության արդյունքներով Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասով Սահմանադրական դատարանը կայացրել էր գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումներ։ Սեդա Սաֆարյանի մասով նման որոշում չէր ընդունվել, քանի որ այն չէր ստացել օրենքով նախատեսված անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
Սահմանադրական դատարանում քննվում է ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հունիսի 14-ի՝ ԱԺ հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճը։ Գործը քննվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա՝ միավորված ընթացակարգով։