Իրավունք

Եթե խնդիր տեսնենք, կարձանագրենք, ՍԴ նախագահը սահմանազատման հարցով կանոնակարգի մասին

2 րոպեի ընթերցում

Եթե խնդիր տեսնենք, կարձանագրենք, ՍԴ նախագահը սահմանազատման հարցով կանոնակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ եթե կա միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց ՍԴ-ի կողմից այն չի վավերացվում, ապա այն Հայաստանի համար իրավական ուժ չունի։

«Սահմանադրական դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասո՞ւմ է կանոնակարգը սահմանադրությանը, թե՞ չի հակասում; Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի։ Մի քանի րոպեից կսկսի դատաքննությունը, հետո կգնանք խորհրդակցությունների սենյակ և որոշ ժամանակ անց որոշումը կհրապարակվի։ Եթե խնդիր տեսնենք, մի կասկածեք՝ խնդիրը կարձանագրենք։ Եթե խնդիր չտեսնենք, էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»,- նշեց Դիլանյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը ապօրինի է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանը պատասխանեց, որ այս պահին գնահատականներ չի հնչեցինի։

«Եթե այդ հարցը գա Սահմանադրական դատարան, մենք մեր գնահատականը կասենք»,- հավելեց նա։

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր հերթին նշեց, որ խնդիրներ տեսնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հետ կապված։

«Դա կբարձրաձայնեմ խորհրդակցական սենյակում»,-եզրափակեց Թովմասյանը։

Սույն գործով զեկուցողներ են լինելու ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ 

Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում