Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
2 րոպեի ընթերցում

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, վերսկսել է նավթի բեռնափոխադրումները Պարսից ծոցի իր Ռաս Թանուրա տերմինալում գրեթե չորս ամսվա դադարից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքի նավթ արտահանող երկրները շարունակում են արտահանման խթանման ծրագրերը՝ չնայած այն հանգամանքին, որ հունիսի 25-ին Հորմուզի նեղուցում անհայտ արկով հարձակման է ենթարկվել Թայվանի Evergreen Marine ընկերությանը պատկանող նավը։
Տվյալները ցույց են տվել, որ Սաուդյան Արաբիայի Bahri նավագնացային ընկերության կողմից վերահսկվող երկու շատ մեծ նավթատար նավեր նկատվել են Ռաս Թանուրայում հում նավթ բեռնելիս, բացի այդ, ևս մեկ նավ սպասում էր մոտակայքում։ Այդ նավթատարներից յուրաքանչյուրը կարող է բեռնել 2 միլիոն բարել նավթ։
Ռաս Թանուրան գտնվում է Սաուդյան Արաբիայի արևելյան ափին՝ Հորմուզի նեղուցից արևմուտք: Մինչև հակամարտությունն այն արտահանում էր օրական ավելի քան 5 միլիոն բարել հում նավթ: Սաուդյան Արաբիայի ամենամեծ՝ օրական 550 000 բարել հզորությամբ նավթավերամշակման գործարանը նույնպես գտնվում է Ռաս Թանուրայում. այն փակվել է պատերազմի ժամանակ:
Aramco ընկերությունը վերջին անգամ բեռ է փոխադրել նավահանգստից դեպի Չինաստան մարտի 8-ին։
Ավելի վաղ Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ցանկացած նավի անցում պետք է համակարգված լինի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։