1 րոպեի ընթերցում
Սև ծովի տարածաշրջանից դեպի Հայաստան ներթափանցող հերթական ցիկլոնի ազդեցությամբ հունիսի 27-ին հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն։ Ցիկլոնի ազդեցությունը կսկսվի հունիսի 26-ի ուշ երեկոյան ժամերից և կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ հունիսի 27-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Ցիկլոնի ազդեցությամբ օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկային ժամերին, նախորդ օրվա համեմատ, հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 4–5 աստիճանով։
Սակայն եղանակային այս փոփոխությունը կարճատև կլինի։ Հունիսի 28-ից սկսած՝ հանրապետության ամբողջ տարածքում առաջիկա հինգ օրերին կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Միաժամանակ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա՝ վերադառնալով ցիկլոնի ներթափանցումից առաջ գրանցված ցուցանիշներին։