Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ իր ստորաբաժանումները դուրս չեն բերվել Լիբանանի հարավի անվտանգության գոտու տարածքների մի մասից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ynet պարբերականը։
ԻՊԲ-ն վստահեցրել է, որ զորքերը մնում են իրենց նախկին դիրքերում, որ վերջին օրերին ոչինչ չի փոխվել, և որ քաղաքական ղեկավարությունից նոր հրահանգներ չեն ստացվել։
Լիբանանի անվտանգության ծառայությունների աղբյուրը Ynet-ին հաստատել է, որ Բեյրութում տեղյակ չեն իսրայելական զորքերի մասնակի դուրսբերման մասին։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ԻՊԲ-ն, բարի կամք դրսևորելով Լիբանանի կառավարության նկատմամբ, զինվորականներին դուրս է բերել անվտանգության գոտու առանձին շրջաններից։
Հունիսի 24-ին Reuters-ը հաղորդել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հունիսի 23-ին մեկնարկած բանակցություններում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող առաջարկը, որի համաձայն իսրայելական ուժերը պետք է լիբանանյան զինվորականներին հանձնեն «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ժամանակ գրավված տարածքների մի մասը։
Սակայն հունիսի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իսրայելական զորքերը չեն հեռանա Լիբանանի հարավային շրջաններից, նույնիսկ եթե Վաշինգտոնից համապատասխան պահանջներ ստացվեն։ Իսրայելի իշխանությունները մինչ այդ էլ նշել էին, որ ԻՊԲ-ն կմնա Լիբանանի հարավում։