Սպորտ

Կառավարությունը մեկնարկում է Իջևանում ֆուտբոլի նոր մարզադաշտի նախագծման գործընթացը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը մեկնարկում է Իջևանում ֆուտբոլի նոր մարզադաշտի նախագծման գործընթացը

Կառավարությունը սկսում է Իջևանում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով 10 հազար տեղանոց ֆուտբոլային մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը՝ Վրաստանի հետ համատեղ կազմակերպման հիմքով։ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների համատեղ հայտը հաստատվել է ՖԻՖԱ-ի կողմից։

Անդրեասյանի խոսքով՝ առաջնությունը Հայաստանում անցկացնելու հիմնական պայմաններից է ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի առկայությունը։

«Այս ուղղությամբ աշխատանքները կառավարությունը մեկնարկել է դեռևս նախորդ տարի։ Վանաձորում մարզադաշտի վերակառուցման համար նախագծման գործընթացն արդեն մեկնարկել է, և նախատեսում ենք առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ունենալ պատրաստ նախագիծը»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկում է նաև Իջևանում նման ստանդարտի մարզադաշտի նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացը։ Նախատեսվող մարզադաշտը կլինի շուրջ 10 հազար տեղանոց։

Անդրեասյանը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության որոշմամբ արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ հողատարածքը՝ 20 սեփականատերերից։

Նախագծանախահաշվային աշխատանքները նախատեսվում է վստահել միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ին։ Նախարարի խոսքով՝ ընկերությունը ներգրավված է նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման գործընթացում և ունի նման բարձրակարգ մարզադաշտերի նախագծման ու կառուցման փորձ։

Անդրեասյանը որպես ընկերության համապատասխան փորձի օրինակ նշեց Բուդապեշտի «Պուշկաշ Արենա», Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտ Սիթի» և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտերը, որտեղ անցկացվել են միջազգային խոշոր մրցաշարերի հանդիպումներ։

Նախարարի խոսքով՝ ընկերության հետ նաև բանակցություններ են ընթանում մարզադաշտերի շինարարության գործընթացը համատեղ իրականացնելու շուրջ։

«Այս որոշման արդյունքում մենք կկարողանանք հրատապ կարգով մեկնարկել և սահմանված ժամկետներում իրականացնել Իջևանում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով 10 հազար տեղանոց ֆուտբոլի մարզադաշտի կառուցման ծրագիրը՝ երաշխավորելով դրա ավարտը մինչև 2029 թվականի հունվարը»,- նշեց Անդրեասյանը։

Որոշման իրականացման համար պետական բյուջեում առաջարկվում է կատարել 177 միլիոն 828 հազար դրամի վերաբաշխում, որը կուղղվի նախագծանախահաշվային աշխատանքներին։ Նախարարը հավելեց, որ դրան կհաջորդեն շինարարության փուլին վերաբերող որոշումները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում