6 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման, ինչպես նաև իր տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն են առաջացնելու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստի ժամանակ։
Կառավարության նիստում քննարկվել է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին տնտեսվարողներին աջակցելու և Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացնելու հարցը, որի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է սերտ աշխատանքը Եվրասիական տնտեսական միության հետ, շարունակելու է այդ աշխատանքը և այն կանխավարկածով չի առաջնորդվում, որ ԵԱՏՄ շուկայում ինչ-որ մի անշրջելի բան է տեղի ունեցել, և Հայաստանն այդ ուղղությամբ էլ չի նայելու։
«Շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե չլինեն լուծումներ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում՝ առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար։ Ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա։ Եվ Եվրասիական տնտեսական միությունը պետք է այդ հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ գիտեք ինչ, ես այլևս չկամ, դե եթե իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք կանք, մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք և աշխատում ենք այնտեղ։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Եթե ուղիղ կամ ակնարկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք։ Այն, ինչ մեզ մոտ տեղի է ունենում, Եվրասիական տնտեսական միության մի քանի երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու։ Մենք Կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս պրոցեսների մասին, և ես համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրներում այս պրոցեսն առանց հայտարարելու տեղի է ունենում, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, նրանք գնահատելու են որպես ռիսկ, որը իրենց առջև կանգնած է»,- ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իսկապես քննարկելու հարցեր կան, և ինքն առաջիկա առիթը օգտագործելու է այդ քննարկումը բացելու համար ։
Փաշինյանն ասել է, որ ինքը Եվրասիական տնտեսական միության գործընկերներին հարցեր ունի նաև այն հայտարարության առնչությամբ, որը Հայաստանի վերաբերյալ ընդունվել էր իր բացակայության պայմաններում։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում, ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի,մ Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել, որով Հայաստանին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
«Իհարկե, ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են, և մենք պետք է հասկանանք, թե դա ի՞նչ է նշանակում գործնականում։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, ուղղակի արթնանալ որոշումներ կայացնե՞լ։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եվ մենք պետք է արդեն այստեղից հետևություններ անենք։ Պետք է լինի շատ հստակ պատասխան՝ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա։ ԵԹե կա, մենք կդիրքավորվենք, եթե չկա, առանձնապես դիրքավորվելու կարիք էլ չի առաջանալու»,- հայտարարել է Փաշինյանը։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական ապրանքների ներմուծումը սահմանափակելու վերաբերյալ ԵԱՏՄ-ի արգումենտացիան՝ կապված հայկական ապրանքների որակի հետ, անիմաստ է դառնում այն պայմաններում, երբ հայկական կողմը դիվերսիֆիկացնում է իր արտահանման ուղիները և այդ նույն ապրանքներն ուղարկում է բազմաթիվ այլ երկրներ։
«Եթե արտահանումը մեկ ուղղությամբ է, այդ դեպքում դա դառնում է բանավեճ, բայց երբ արտահանման ուղիները սփռվում են, այդ դեպքում այդ արգումենտը, որ կա որակի խնդիր, ավտոմատ անհիմն է դառնում, որովհետև չի կարող լինել որակի խնդիր այնտեղ և չլինել որևէ այլ երկիր գնալու պարագայում»,- ասել է Գրիգորյանը՝ շեշտելով, որ հայկական ապրանքների արտահանման ուղիների դիվերսիֆիկացիայի պրոցեսը շատ կարևոր է նաև հենց դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումը վերականգնելու տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր մտցրել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման, այդ թվում՝ իր տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանվող հայկական ապրանքների նկատմամբ։ ՌԴ-ի կողմից այդ օրերին կիրառված սահմանափակումները շարունակվում են մինչ օրս։ Հայաստանի կառավարությունն այդ պայմաններում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում՝ միաժամանակ նաև տնտեսվարողներին աջակցելու տարբեր ծրագրեր ընդունելով։